Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը վերջապես ազնվություն է ունեցել հայտարարելու, որ կորած ադրբեջանցի զինծառայողների մարմինները հայտնաբերվել են հայ-ադրբեջանական միջդիրքային տարածքի ականապատ տարածքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Ադրբեջանի ՊՆ-ից հայտնել են, որ ադրբեջանցի կրտսեր սերժանտներ Մուսա Մուսաևի և Թուրալ Յոլչիևի մարմինները Կամիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ դուրս են բերվել ականապատ գոտուց և հանձնվել են ադրբեջանական կողմին:
Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր երկու զինծառայողի անհետանալու մասին: Ադրբեջանական կողմը շրջանառում էր նաև զինծառայողների' հայկական կողմն անցնելու տարբերակը, ինչը Հայաստանի ՊՆ-ն անմիջապես հերքել էր: Հունիսի 23-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակը երաշխիքներ ստանալու նպատակով դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարությանը, որպեսզի Տավուշի մարզի Վազաշեն գյուղի սահմանահատվածի դիմաց գտնվող ադրբեջանական ԶՈւ մերձդիրքային հատվածից դուրս բերվեն ականային հավանական վիրավորումներ ստացած երկու ադրբեջանցի զինծառայողների մարմինները: