Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիան ապրիլի 1-ին սկսվելուց միայն 7 օր հետո Ադրբեջանի անհայտ կորածների պետական հանձնաժողովի կողմից բացված «Թեժ գիծ»-ն ընդամենը մեկ րոպեի ընթացքում 5 անհայտ կորած զինծառայողի մասին դիմում է ներկայացվել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է modern.az լրատվական կայքը' հղում կատարելով հիշյալ հանձնաժողովի անունը հրապարակել չցանկացած պաշտոնյային:
Նա ասել է, որ ներկայում հանձնաժողովը մեծ ծավալով տեղեկություն է ստանում: ««Թեժ գիծ»-ն ստեղծվելուց անմիջապես հետո զինծառայողների ծնողների, հարազատների կողմից անհայտ կորածների հետ կապված յուրաքանչյուր րոպեում 5 դիմում է ստացվում: Դրանք անընդհատ շարունակվում են ստացվել, այդ պատճառով չենք կարող ասել ներկայում քանի դիմում է ստացվել: Տվյալները դեռեւս ճշտվում են», -հավելել է պաշտոնյան:
Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մինչ այժմ անհայտ կորածների հետ կապված հանրությանը որեւէ տեղեկություն չէր հայտնել:
Ադրբեջանի ՊՆ-ը մինչև այժմ խոստովանել է ապրիլի 1-5-ին ԼՂՀ-ի դեմ ագրեսիայի արդյունքում 31 զինծառայող կորցնելու մասին' չնշելով նաեւ վիրավորների թիվը:
Ապրիլի 1-5-ին ԼՂՀ դեմ ռազմական սադրանքին հայկական կողմի ջախջախիչ հակահարվածի արդյունքում Ադրբեջանը կորցրել է 2 ուղղաթիռ, 24 տանկ, 3 հետեւակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 7 անօդաչու սարք, 1ՄՄ 21 ռեակտիվ հրետանու մարտական մեքենա: Մարտական գործողութունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 500 կորուստ, մոտ 2000 վիրավոր: