Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, լռության մատնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ապրիլի 1-5-ին սանձազերծած լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի եւ ամբողջ ապրիլի ընթացքում կրած կորուստները, սկսել է հայտնել մայիսի առաջին օրերին կորցրած զինծառայողների անունները, այն էլ սոցցանցերում նրանց հուղարկավորության լուսանկարները հայտնվելուց հետո:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում կատարելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը, հայտնել են Թարթառի ուղղությամբ շփման գծում մայիսի 3-ին 19-ամյա զինծառայող Ամրահ Այդըն օղլու Յուզբեյովի կորստի մասին: Ամենայն հավանականությամբ, սպանվածը ազգությամբ լեզգի է: Նա այսօր պետք է թաղվի լեզգիաբնակ Խաչմազի շրջանի Հաջիմամեդ-Օբա գյուղում:

 

Ադրբեջանի ՊՆ-ն խոստովանել էր նաեւ մայիսի 1-ին Թարթառի ուղղությամբ 20-ամյա զինծառայող Էլմար Իլհամ օղլու Մեմմեդովի մահը: Նա Գյոյչայից էր, թաղվել է Բաքվում:

 

Ադրբեջանը պաշտոնապես խոստովանել է ապրիլի ընթացքում իր միայն 33 զինծառայողի կորուստը' չնշելով որեւէ անուն: Սակայն, արտասահմանում գործող ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV ինտերնետային հեռուստաալիքը սոցցանցերում սեփական հետազոտությունների հիման վրա հայտնել էր 101 ադրբեջանցի զինծառայողների կորստի մասին' նշելով նրանց անունները եւ թաղման վայրերն ու օրը:

 

Ադրբեջանի ՊՆ-ն Meydan TV-ին կոչ էր արել զերծ մնալ զինծառայողների կորստի մասին տեղեկություններ տարածելուց, որն այդ գերատեսչությունը համարում է պետական գաղտնիք: Այդ զգուշացումից հետո, որն, անկասկած, նաեւ սպառնալիք է հանդիսանում, Meydan TV-ն դադարել է տեղեկություններ հայտնել ադրբեջանական բանակում կորուստների մասին: Չնայած դրան, Ադրբեջանում արդեն քրեական գործ է հարուցվել Meydan TV-ի տեղացի անձնակազմի դեմ:

 

Միջազգային Bellingcat վերլուծական խումբը հայտնում է, որ ապրիլի 1-5-ին Ադրբեջանի կորուստն իր «զգուշավոր գնահատականներով» նվազագույնը 400 զինծառայող է:

 

ԼՂՀ ՊԲ տվյալներով' ապրիլի 1-5-ին ԼՂՀ դեմ ռազմական սադրանքին հայկական կողմի ջախջախիչ հակահարվածի արդյունքում Ադրբեջանը կորցրել է 2 ուղղաթիռ, 24 տանկ, 6 զրահապատ մեքենա, 12 անօդաչու թռչող սարք, 1 ինժեներական մեքենա, 1 ՏՕՍ-1Ա հրանետ, 1 ՀՄՄ, 1 «Գրադ» ՀԿՌՀ: Մարտական գործողութունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 500 կորուստ, մոտ 2000 վիրավոր:

 

ԼՂՀ ՊԲ կայքը հայտնում է, որ մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը Արցախի շփման գծում լարվածությունը պահպանվել է: Հակառակակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով եւ ականանետներով շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն' խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաեւ պատասխան գործողությունների: