Ադրբեջանի պաշտպանության նախարարության Թառթառի շրջանում տեղակայված զորամասերից մեկում զինծառայողը ինքնասպանություն է գործել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլըգ» թերթը հայտնում է պայմանագրային զինծառայող Շահին Բախտիյար օղլու Մամեդովը (ծնվ. 1992 թ.) ինքնասպանություն է գործել իրեն ամրակցված զենքից:
Զոհվածը զինծառայության էր կանչվել Գյուանբոյի շրջանից: Ադրբեջանի ՊՆ-ը դեռեւս չի արձագանքել այդ տեղեկատվությանը:
2015 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանի պետական կառույցները խոստովանել են 16 զինծառայողների մահը («Խազար» հետազոտական կենտրոնի տվյալներով' 20 զոհ, ըստ բլոգեր Հաբիբ Մունթազիրի' 22 զոհ): Պաշտոնական տվյալներով' նրանցից 10-ը մահացել են մարտական պայմաններում:
Ադրբեջանը մշտապես հերքում է առաջնագծում իրագործած դիվերսիոն գործողություններից հետո ունեցած իր կորուստները: Որպես կանոն, այդ կորուստները ադրբեջանական կողմը միջադեպերին հաջորդող օրերին ներկայացնում է ինքնասպանության, անվտանգության կանոնների խախտման, անզգուշության, հիվանդության կամ ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունք:
Թեեւ Ադրբեջանը սեփական զինուժում գրանցված մահվան դեպքերի ու արտակարգ պատահարների մասին տեղեկությունները մինչ այժմ թաքցրել է սեփական հանրությունից, այդուհանդերձ, ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊԲ կողմից սեփական միջոցներով ձեռք բերված տեղեկությունների համաձայն' տարվա սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է առնվազը 67 զինծառայող եւ 31-ից ավելի վիրավոր: