Մարտի 26-ին ադրբեջանական բանակը զինծառայող է կորցրել. զոհվել է զինծառայող Էթիբար Խուդավի օղլու Քազիմովը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները' հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության մամուլի ծառայությանը: Ադրբեջանի ՊՆ-ը հայտնել է, որ Է.Քազիմովը զոհվել է «հակառակորդի գնդակից»' չնշելով, թե կոնկրետ որտեղ է տեղի ունեցել միջադեպը:
2015 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանի պետական կառույցները խոստովանել են 13 զինծառայողների մահը: Պաշտոնական տվյալներով' նրանցից 10-ը մահացել են մարտական պայմաններում:
Վերջին շրջանում Ադրբեջանի ԶՈւ շարքերում հաճախակիացել են արտակարգ դեպքերը, որոնք ծագում են զինծառայողների միջեւ հակամարտության հողի վրա:
Ադրբեջանը մշտապես հերքում է առաջին գծում իրագործած դիվերսիոն գործողություններից հետո ունեցած իր կորուստները: Որպես կանոն, այդ կորուստները միջադեպերին հաջորդող օրերին ներկայացվում են ինքնասպանության, անվտանգության կանոնների խախտման, անզգուշության, հիվանդության կամ ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունք:
Թեեւ Ադրբեջանը սեփական զինուժում գրանցված մահվան դեպքերի ու արտակարգ պատահարների մասին տեղեկությունները մինչ այժմ թաքցրել է սեփական հանրությունից, այդուհանդերձ, ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊԲ կողմից սեփական միջոցներով ձեռք բերված տեղեկությունների համաձայն' տարվա սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է առնվազը 62 զինծառայող եւ 28-ից ավելի վիրավոր: