Թեեւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է հանրությունից համառորեն թաքցնել եւ հերքել մարտի 6-ի գիշերը ԼՂՀ զինված ուժերի հակադիվերսիոն գործողությունների ժամանակ առնվազն 7 ադրբեջանցի զինծառայողների կորուստը, այդունադերձ, ադրբեջանական մամուլում, սկսել են տեղեկություններ տարածվել ադրբեջանական բանակի կրած կորուստների մասին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական Meydan TV հեռուստաալիքի կայքը հայտնել է, որ Մռավում տեղակայված զորամասերից մեկում Սումգայիթից զինծառայության կանչված զինծառայող Անար Գյունաշ օղլու Բայրամովը սպանվել է' գնդակահարվելով զինվոր ընկերոջ կողմից: Այս մասին կայքին հայտնել են սպանված զինծառայողի հարազատները: Նրանք նշել են, որ Ա,Բայրամովը բարձրագույն կրթություն ուներ եւ պետք է բանակից զորացրվել առաջիկա հունիսին:

 

Կայքը նաեւ հայտնել է, որ իրենց չի հաջողվել փաստի առնչությամբ որեւէ տեղեկություն ստանալ Ադրբեջանի ՊՆ-ից:

 

«Արմենպրես»-ի սեփական աղբյուրներից այսօր հայտնի է դարձել անցած շաբաթվա ընթացքում ոչնչացված առնվազն երեք ադրբեջանցի զինծառայողների անուններ' Զամին Ամինով, Ալեքպեր Աբասով եւ լեյտենանտ Շալալ Հասանով:

 

ԼՂՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը հայտնել է, որ մարտի 1-ից մինչեւ 7-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի կողմից 60 եւ 82 մմ ականանետերից, ՀԱՆ-17, ՌՊԳ-7 նռանականետերից, ԶԿ-23-2 զինատեսակներից հայ դիրքապահների վրա կատարված հարձակումները վնասազերծելու նպատակով ՊԲ առաջապահ ուժերը դիմել են համապատասխան գործողության' շարքից հանելով հակառակորդի առնվազն 3 զինվոր եւ ԶԿ-23-2 զինատեսակը:

 

Նույն ժամանակամիջոցում ԼՂՀ զինված ուժերի մարտակերտյան ուղղության ստորաբաժանումները կանխարգելիչ գործողություններ են իրականացրել հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան հատվածում, որի արդյունքում ոչնչացվել է գործողության շրջան դուրս եկած ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանման չորս զինծառայող:

 

Վերոնշյալ գործողությունների ժամանակ հայկական կողմը կորոսւտներ չի ունեցել: ՊԲ առաջապահ զորամասերը շփման գծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացնում են առաջադրված մարտական խնդիրը' անհրաժեշտության դեպքում դիմելով կանխարգելիչ գործողությունների

 

Ադրբեջանը մշտապես հերքում է առաջնագծում իրագործած դիվերսիոն գործողություններից հետո ունեցած իր կորուստները: Որպես կանոն, այդ կորուստները ադրբեջանական կողմը միջադեպերին հաջորդող օրերին ներկայացնում է որպես ոչ կանոնադրական հարաբերությունների, անվտանգության կանոնների խախտման, ինքնասպանության, անզգուշության, հիվանդության կամ ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունք:

 

Թեեւ Ադրբեջանը շարունակում է սեփական զինուժում գրանցված մահվան դեպքերի ու արտակարգ պատահարների մասին տեղեկությունները թաքցնելու քաղաքականությունը, այդուհանդերձ, ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊԲ կողմից սեփական միջոցներով ձեռք բերված տեղեկությունների համաձայն' տարվա սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է առնվազն 43 զինծառայող եւ 28-ից ավելի վիրավոր: