wrestling.am Ստամբուլում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Մրցաշարի եզրափակիչ օրը մեդալներ խաղարկվեցին 55, 66, 84 և 120 կգ քաշային կարգերում: Հայտնել էինք, որ երեկ մրցագորգ ելած մեր 4 ըմբիշներից 3-ը հաջողությամբ հաղթահարել էին նախնական փուլերի արգելքներն ու իրավունք էին ստացել երեկոյան մրցահերթում վիճարկելու բրոնզե մեդալները: Ավաղ նրանից և ոչ մեկին 3-րդ տեղի համար գոտեմարտերում չհաջողվեց հաղթել, ուստի նրանք ստիպված եղան բավարարվել 5-րդ տեղերով: Մեր ըմբիշներից երկուսը բրոնզե մեդալը վիճակում էին տանտերերի՝ Թուրքիայի ներկայացուցիչների հետ, ու թուրք ըմբիշները տրիբունաների աջակցությամբ բավական հեշտ հաղթանակներ տարան:
Գրանցվեցին այսպիսի արդյունքներ. 55կգ, 3-րդ տեղի համար՝ Սլավիկ Գալստյան-Էրիկ Տորբա, Հունգարիա՝ 2:5, 1-ին տեղի համար՝ Իրակլի Շավաձե, Վրաստան-Մուրադ Մամադով, Ադրբեջան՝ 6:0: 66կգ, 1-ին տեղի համար՝ Չենգիզ Արսլան, Թուրքիա-Օտտո Լոսոնցի, Հունգարիա՝ 4:1: 84 կգ, 3-րդ տեղի համար՝ Վարուժան Գրիգորյան-Ալի Չենգիզ, Թուրքիա՝ 0:5: 1-ին տեղի համար՝ Իսլամ Աբասով, Ադրբեջան-Հաջիմուրսդ Ջալիլով, Ռուսաստան՝ 5:0: 120կգ, 3-րդ տեղի համար՝ Էդգար Խաչատրյան-Օսման Յիլդրիմ, Թուրքիա՝ 0:8: 1-ին տեղի համար՝ Զիվադի Պատարիձե, Վրաստան-Հաջի Մագոմեդով Ռուսաստան՝ 12:4:
Հիշեցնենք, որ մրցումների առաջին օրը 96 կգ քաշային կարգի ըմբիշ Հարություն Միքայելյանը 3-րդ տեղի համար մենամարտում 1:6 հաշվով պարտվեց հունգարացի Զոլտ Տորոկին ու նույնպես 5-րդ տեղը գրավեց: Եթե հունահռոմեական ոճի ըմբշամարտի մեր 8 ներկայացուցիչներն այստեղ չկարողացան մեդալ նվաճել, ապա ազատ ոճի ըմբշամարտի 7 պատվիրակներից 50 կգ քաշային Ռազմիկ Միսակյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն. տեղեկացնում է ըմբշմրտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: