Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի Ազատության հրապարակի մոտակայքում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկանում ենք
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

2015 թվականի հունիսի 28-ին' ժամը 23:30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի բռնություն է գործադրել Երևան քաղաքի Ազատության հրապարակի մոտակայքում տեղի ունեցող հանրահավաքի ընթացքում ծառայողական պարտականություններն իրականացնող ոստիկանության ծառայող Գևորգ Ամյանի նկատմամբ։

 

Քննությամբ պարզվել է քաղաքացու ինքնությունը՝ 1993թ. ծնված Ա.Հակոբյան, ով, նախնական քննության արդյունքներով, բռունցքով 2 անգամ հարվածել է ոստիկանության ծառայողին՝ կապված վերջինիս ծառայողական պարտականությունների կատարման հետ։

 

Հունիսի 29-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, և նույն օրը քաղաքացի Հակոբյանը ձերբակալվել է՝ նշված արարքը կատարելու կասկածանքով։

 

Ա.Հակոբյանը հրաժարվել է ցուցմունք տալ և ցանկություն հայտնել՝ հանրային պաշտպան ունենալու մասին։ 29.06.2015թ. որոշում է կայացվել՝ հանրային պաշտպան ներգրավելու մասին:

 

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ ոստիկանության ծառայողին պատճառված վնասվածքի բնույթն ու աստիճանը պարզելու համար:

 

Նախաքննությունը շարունակվում է: