Սիրիա փախած երեք բրիտանացի աշակերտուհիներից երկուսն ամուսնացել են «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների հետ: Այդ մասին շաբաթ օրը հայտնել է բրիտանական The Guardian թերթը՝ վկայակոչելով աղջիկների հարազատներին:
2014 թ. դեկտեմբերին 15-ամյա Շամիմա Բեգումը և Ամիրա Աբասեն, ինչպես նաև 16-ամյա Կադիզա Սուլթանան բարեկամներից գաղտնի Բրիտանիայից փախել են Սիրիա: Նրանք բոլորը սովորել են Լոնդոնի արևելյան հատվածում գտնվող Բեթնալ Գրին քոլեջում:
Երկու աղջիկներին թույլ են տվել կապվել ծնողների հետ և պատմել ԻՊ-ի հսկողության տակ գտնվող տարածքում իրենց կյանքի մասին: Նրանցից մեկը տուն է զանգել հեռախոսով, մյուսը կապվել է ընտանիքի հետ սոցիալական ցանցերի օգնությամբ:
Նրանք պատմել են, որ արդեն մի քանի շաբաթ իրարից առանձին են ապրում: Նրանք ապրում են Ռաքքա քաղաքի շրջանում: Նրանցից երկուսն ապրում է ամուսինների հետ: Ծնողները խնդրել են չնշել, թե աղջիկներից ով է մասնավորապես ամուսնացել: