«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը եկել է Բաղրամյան պողոտա: Նա մեկնաբանեց Դավիթ Սանասարյանի հայտարարությունն այն մասին, որ եթե մինչև երկուշաբթի պահանջները չկատարվեն, ապա նրանք աղբամաններն ամեն օր մեկ հատի չափով առաջ կտան. «Լավ է, որ քայլ կա, դա միանշանակ ողջունելի է, իսկ թե դա ինչ կտա պայքարին, բոլորս կտեսնենք երկուշաբթի ու կհասկանանք՝ ինչքանով է արդյունավետ և ինչ տվեց»:
Պատասխանելով հարցին՝ թե ինչու իրենց վերադարձը չթեժացրեց իրավիճակը Բաղրամյան պողոտայում՝ Մաքսիմ Սարգսյանը նկատեց, որ թյուրըմբռոնւմ է եղել. «Ոչ թալանին» նախաձեռնությունը երբեք էլ դուրս չի եկել Բաղրամյանից, պարզապես մարդիկ մամուլի շնորհիվ ճանաչում են իրեն և Վաղինակ Շուշանյանին, և երբ ինքն ու Շուշանյանը գնացել են Ազատության հրապարակ, տպավորություն է ստեղծվել, թե ամբողջ նախաձեռնությունն է գնացել Բաղրամյանից: Նախաձեռնության երեք անդամ մշտապես Բաղրամյանում է եղել, երկուսը՝ Ազատության հրապարակում: «Ես ամբողջ գիշերվա ընթացքում եղել եմ թե՛ այստեղ, թե՛ Օպերայում, որովհետև, չգիտեմ՝ ում էր ձեռնտու, բայց երկկողմանի լարվածություն էին փորձում մտցնել մարդկանց մեջ. էստեղից Ազատության հրապարակ էր սխալ ինֆորմացիա գնում և հակառակը: Այդ ամենը ինչ-որ չափով կանխելու համար ես եղել եմ թե՛ այստեղ, թե՛ այնտեղ: Այսինքն՝ դա թյուր կարծիք է, որ «Ոչ թալանին»-ը գնացել է այստեղից: Մենք ի սկզբանե այստեղ ենք եղել, իսկ հիմա գալիս ենք՝ որպես ՀՀ քաղաքացիներ»,- 1in.am-ի ուղիղ եթերում նշեց Սարգսյանը:
Անդրադառնալով հունիսի 23-ին ոստիկանության կողմից կիրառված ուժին՝ Մաքսիմ Սարգսյանը նկատեց, որ միջազգային կառույցների արձագանքն է իր դերն ունեցել, որպեսզի այլևս ուժ չկիրառվի խաղաղ ցուցարարների նկատմամբ:
Վերջում նախաձեռնության անդամը հայտարարեց, որ «Ոչ թալանին»-ը դուրս չի եկել պայքարից, «Ոչ թալանին»-ը չի համարում որևէ պահանջ կատարված, պայքարը շարունակվում է, պայքարը լինելու է փողոցում, ու այստեղ քննարկումներ կլինեն, որովհետև «բոլորս էլ նույն խնդրի շուրջ ենք պայքարում ու անպայման կլինեն նոր հավաքներ, նոր երթեր, նոր ցույցեր, կարելի է զուգորդել, այստեղ եղել են նախադեպեր, երբ այստեղ ցույց էր, բայց փակվեց Մաշտոցի պողոտան, Ֆրանսիայի հրապարակը»:
Խոսելով Պարույր Հայրիկյանի՝ Բաղրամյան պողոտա բերած Եվրամիության դրոշի մասին, նախաձեռնության անդամը նշեց, որ հարգելով բոլոր կառույցների դրոշները՝ իրենք մոտեցել ու խնդրել են Հայրիկյանին, որ դրոշը հանի, որովհետև Բաղրամյանում պետք է լինեն բացառապես ՀՀ դրոշները, ինչն ընդունվել է: