Տոմսկի «Գոհար» սրճարան-խորովածանոցի մոտ գտնվող վանդակում պահվող արջը կծել է աղջկա ձեռքը: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Տոմսկը»: «Նախնական տեղեկություններով հարբած աղջիկը ձեռքը մտցրել է վանդակի մեջ, արջը կծել է նրան: Աղջիկը հիվանդանոցում է»,- «ՌԻԱ Տոմսկին» հուլիսի 5-ին տեղեկացրել է քաղաքի արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրը:

 

Տոմսկի «Գոհար» սրճարան-խորովածանոցի սեփականատեր Շավարշ Տաճատյանը լրագրողներին տեղեկացրել է, որ կինը, հավանաբար, ոչ սթափ վիճակում է եղել: «Մենք վերանայել ենք տեսագրությունը, նրանք երեխայի հետ էին եկել: Երեխան 2.5 տարեկան էր: Նա (աղջիկը) անցել է ցանկապատը»,- տեղեկացրել է Տաճատյանը՝ հավելելով, որ վանդակի վրա զգուշացում է կախված, որ կենդանին վտանգավոր է: Վանդակում երկու արջ կա՝ էգ և որձ: Անհայտ է, թե որ մեկն է կծել կնոջը: Հայտնի չէ նաև, թե ինչ կլինի կենդանիների հետ:

 

Ականատեսները սոցցանցերում գրել են, որ դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 05:30-ին «Գոհար» սրճարան-խորովածանոցի մոտ: «Արջը պատռել է ձեռքը մինչև ուսահոդը, իսկ այդ ընթացքում տեղ հասած տղամարդիկ փորձում էին հետ քաշել աղջկան»,- գրել է ականատեսը:

 

Ոստիկանությունը հետաքննում է արջի հարձակման հանգամանքները: Վնասված կնոջ ամուսինը պատմել է, որ մինչ նա ուտելիք էր պատվիրում, կինը գնացել է դեպի վանդակները: Դուրս գալով' ամուսինը տեսել է, թե ինչպես է արջը բռնում կնոջ ձեռքը: 24-ամյա կինը հոսպիտալացվել է: