Հայաստանում ֆրանսիական համալսարանում տեղի ունեցավ «Դատական նիստերի և վիդեոկոնֆերանսների» նորարարական դահլիճի պաշտոնական բացումը: Նորաբաց դահլիճն ամբողջովին կահավորված և համալրված է նորագույն տեխնոլոգիաներով, ինչի շնորհիվ համալսարանի ուսանողներն ու դասախոսական կազմը կարող են վիդեոկոնֆերանսներ կազմակերպել արտասահմանյան համալսարանների, մասնավորապես՝ Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի դասախոսների հետ, ինչպես նաև անցկացնել համաժողովներ և գործնական քննարկումներ: Դահլիճի տեխնիկական համալրման համար անհրաժեշտ սարքավորումները ձեռք են բերվել Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության և Հայաստանի ֆրանսիական համալսարանի միջոցներով, իսկ կահավորմանն աջակցել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր շրջանը: Օրանժ Արմենիան, ֆինանսական աջակցությունից բացի, տրամադրում է որակյալ միջազգային կապ ապահովող տեխնիկական լուծում:
«Նորարարությունը մշտապես կարևոր դեր է զբաղեցրել մեր ռազմավարությունում: Արդեն ավելի քան 5 տարի է, ինչ Հայաստանում մենք գործադրում ենք մեր լավագույն ջանքերը՝ տարբեր ոլորտներում, այդ թվում առողջապահություն, կրթության և այլն, ժամանակակից տեխնոլոգիաներ ու նորարարական լուծումներ ներդնելու ուղղությամբ: Ուրախ ենք տեսնել, որ Հայաստանում ֆրանսիական համալսարանի, ինչպես նաև ֆրանսալեզու կրթություն ունեցող այլ համալսարանների ուսանողներն ու դասախոսական կազմը կարող են իրենց ուսումնական գործընթացն է՛լ ավելի արդյունավետ կազմակերպել՝ այս նախագծում ներգրավված գործընկերների ջանքերի և միջազգային որակյալ կապ ապահովող մեր նորարար տեխնիկական լուծման շնորհիվ»,- ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Պաշտոնական բացման արարողության ժամանակ ուղիղ կապ հաստատվեց Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի ներկայացուցիչների հետ, ովքեր ողջունեցին հյուրերին և իրենց շնորհավորանքները հղեցին այս նորարարական նախագծի բարեհաջող մեկնարկի կապակցությամբ:
«Հայաստանում ֆրանսիական համալսարանի առաջնային առաքելությունն է կրթել բարձրակարգ մասնագետներ, որոնք կաշխատեն ինչպես հայկական, այնպես էլ միջազգային մասնագիտական ոլորտներում: Հաշվի առնելով 21-րդ դարում հեռահաղորդակցման համակարգերի կարևորությունն ու անհրաժեշտությունը՝ Դատական նիստերի դահլիճում ներդրվել է նաև հեռահաղորդակցման բարձրորակ սարքավորումներ, որոնք հնարավորություն կընձեռեն իրականացնել առցանց դասախոսություններ, գործնական աշխատանքներ և քննարկումներ:
«Դատական նիստերի և վիդեոկոնֆերանսի դահլիճը» ստեղծվել է ի շահ ուսանողների' նպաստելու մասնագիտական միջավայրի, մասնավորպես իրավական համակարգի հաստատությունների հետ կապերի ամրապնդմանը: Այն ուսանողներին մաքսիմալ հնարավորություն կընձեռի գտնել իրենց մասնագիտությանը համապատասխան աշխատանք՝ զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ միջին և բարձր օղակներում: Վիդեոկոնֆերանսի դահլիճը նաև հնարավորություն կտա հայաստանյան ֆրանկոֆոն համալսարանների հետ իրականացնել համատեղ կրթական և գիտական աշխատանքներ»,- նշեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Ժակ Մոնտուան:
Հայաստանում ֆրանսիական համալսարանից բացի, այս նորաբաց վիդեոկոնֆերանսների դահլիճի ընձեռած հնարավորություններից կարող են օգտվել նաև Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության անդամ հայաստանյան այլ համալսարանների դասախոսներն ու ուսանողները:
«Դատական նիստերի և վիդեոկոնֆերանսների» դահլիճի բացման արարողությանը ներկա գտնվող հյուրերը, որոնց թվում էին Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Ծրագրերի պատասխանատու Միհաելա Կոդրեանուն և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության անդամ հանդիսացող չորս ԲՈՒՀ-երի ներկայացուցիչներ, իրենց գնահատանքի խոսքը հայտնեցին ծրագրի վերաբերյալ: