Այսօր Հայաստանում ֆրանսիական համալսարանում տեղի ունեցավ «Դատական նիստերի և վիդեոկոնֆերանսների» նորարարական դահլիճի պաշտոնական բացումը: Այն նպատակ ունի իրավաբանական ֆակուլտետում կրթությունն ավելի արդյունավետ և նորարարական մեթոդներով կազմակերպել:
Նորաբաց դահլիճն ամբողջովին կահավորված և համալրված է նորագույն տեխնոլոգիաներով, ինչի շնորհիվ համալսարանի ուսանողներն ու դասախոսական կազմը կարող են վիդեոկոնֆերանսներ կազմակերպել արտասահմանյան համալսարանների, մասնավորապես` Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի դասախոսների հետ, ինչպես նաև անցկացնել համաժողովներ և գործնական քննարկումներ: Դահլիճի տեխնիկական համալրման համար անհրաժեշտ սարքավորումները ձեռք են բերվել Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության և Հայաստանի ֆրանսիական համալսարանի միջոցներով, իսկ կահավորմանն աջակցել է Ֆրանսիայի Օվերն - Ռոն- Ալպեր շրջանը: Օրանժ Արմենիան, ֆինանսական աջակցությունից բացի, տրամադրում է որակյալ միջազգային կապ ապահովող տեխնիկական լուծում:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ` կազմակերպված հանդիսավոր բացումից հետո, լրագրողների հետ զրույցում Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերն ասաց.«Ուրախ եմ, որ այլ գործընկերների հետ միասին ստեղծեցինք այս դահլիճը, որը հնարավորություն է տալիս ուսանողներին հեռակա վիդեոկոնֆերանսներ կազմակերպել Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի դասախոսների հետ: Այստեղ ներկայացված տեխնոլոգիաներն ապահավում են 10 ՄԳ արագությամբ կապ, ինչը բավականին որակյալ է և խնդիրներ չառաջացնող: Մենք մեծ հաճույքով ենք այս տեխնոլոգիաները տրամադրել Հայաստանում ֆրանսիական համալսարանին և այլ համալսարանների հետ նույնպես ուրախ կլինենք համագործակցել»:
Նշեց նաև, որ նորարարությունը մշտապես կարևոր տեղ է զբաղեցրել այս ընկերության ռազմավարությունում:
Պաշտոնական բացման արարողության ժամանակ ուղիղ կապ հաստատվեց Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի ներկայացուցիչների հետ, ովքեր ողջունեցին հյուրերին և իրենց շնորհավորանքները հղեցին այս նորարարական նախագծի բարեհաջող մեկնարկի կապակցությամբ: