Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ցուցադրել է Ուկրաինայի զինված ուժերի ֆրանսիական անիվավոր AMX-10RC տանկի ռուս զինվորականների գրավման կադրերը։ Համապատասխան տեսանյութը հրապարակվել է պաշտպանական գերատեսչության Telegram ալիքում։
Կադրերում երևում է, որ ֆրանսիական անիվավոր մեքենան լքված է ուկրաինական անձնակազմի կողմից, իսկ մոտակայքում գետնին է ընկած տեխնիկայի մանրամասն հրահանգչական ձեռնարկը:
«Ֆրանսիացիներ, ահա ձեր տանկը։ Իսկ դուք ասում եք՝ Ֆրանսիան ուժ է»,- ասում է զինվորներից մեկը։
ՌԴ պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ տանկը գտնվում է Նովոդոնեցկի մատույցներում՝ Ուկրաինայի զինված ուժերի ավելի քան 50 միավոր անշարժացված տեխնիկայի հետ միասին։
Մայիսի 15-ին հայտնի դարձավ, որ Ֆրանսիան ուկրաինական բանակի մի քանի գումարտակներ կհամալրի տասնյակ զրահամեքենաներով, այդ թվում՝ AMX-10RC թեթև անվավոր տանկերով։ Դա տեղի կունենա արդեն առաջիկա շաբաթների ընթացքում: