«Հրապարակ» թերթը գրել է.
Հրապարակի» զրուցակիցը ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն է:
- Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակներում ընթացող Ապագայի գագաթնաժողովի ժամանակ հանդես է եկել ելույթով եւ մի շարք վիճելի հայտարարություններ արել' նորից ակնարկելով, որ ցանկացած վատ բան գալիս է անցյալում թույլ տրված սխալներից, իսկ վերջում խրոխտ հայտարարել է, որ ապագա կա: Վարչապետի այս հայտարարություններին ի՞նչ գնահատական կտաք:
- Ինձ մոտ տպավորություն էր, որ ՄԱԿ-ում հանդես է գալիս «Ենի Ադրբեջան» կուսակցության վստահված անձանցից մեկը կամ էլ ադրբեջանաթուրքական շահերի ներկայացուցիչը, ով պատվիրակվել է ՄԱԿ՝ ներկայացնելու ադրբեջանաթուրքական շահերը: Ասում է՝ ապագա կա, ես մեծ սպառնալիք եմ տեսնում, եթե խոսքը նաեւ ՄԱԿ-ի ապագայի մասին է: Նա որտեղ ասում է՝ ապագա կա, այնտեղ ապագան չորանում է: Հիշո՞ւմ եք, ասում էր՝ Արցախում կա ապագա, ու ծափ էին տալիս, ի՞նչ եղավ Արցախի հետ: Արցախում այսօր խաղաղություն է իսկապես, բայց ոչ մի հայ չկա, օկուպացված է: Հիմա էլ նույն բանը Հայաստանի համար են ծրագրում: Նիկոլի բերած խաղաղությունը դա է: Արցախում էլ ոչ մի կռիվ չկա այսօր, բայց ոչ էլ հայեր կան՝ կա՛մ կոտորվել են, կա՛մ դուրս եկել Արցախից: Հիմա Արցախում մեզնից միայն գերեզմաններ են մնացել: Դա է Նիկոլի խոստացած ապագան: Այդ մարդու մոտ ադեկվատության իսպառ բացակայություն է նկատվում: Աշխարհը գնում է միջուկային պատերազմի, Արեւմուտքը, Ռուսաստանն այդ մասին են խոսում, տարածաշրջանում Իսրայելը Լիբանանի հետ է պատերազմում, Իսրայել-Իրան հարաբերություններն են լարվել, տարածաշրջանը եռում է վտանգից, Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ապագա կա: Ոնց որ փղերի ու առյուծների պատերազմում մժեղը, նապաստակը կամ էլ կրիան ասեն՝ ապագա կա։ Քեզ ո՞վ է հաշվի առնում, դու ո՞վ ես, որ ապագայից ես խոսում: Դու Հայաստանի ու Արցախի ապագան դորդուբեշ ես արել, անցել ես արդեն ՄԱԿ-ի՞ն: Քո բերած ապագան տեսնում ենք' Արցախի ադրբեջանացումն ու Հայաստանի թրքացումը…. նա երբ ասում է՝ իրական Հայաստան, ես հասկացել եմ, թե ինչ նկատի ունի' Հայաստանի վիլայեթացումը, երբ Հայաստանը կդառնա Էրմենիստան:
- Ասում է' բոլոր պրոբլեմները կապված են անցյալում կայացված կամ չկայացված որոշումների հետ: Ի՞նչ նկատի ունի:
- Պրոբլեմը նրանից է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանը որպես ինքնուրույն ու ազգային պետություն չեն պատկերացնում իրենց ռազմավարության մեջ եւ ամեն ինչ անում են, որ Հայաստանը, որպես ինքնուրույն քաղաքական գործոն, իսպառ վերանա թե՛ քաղաքական քարտեզից, թե՛, առհասարակ, քարտեզից: 2020 թվականին դու էիր ասում, որ Թուրքիան գալիս է Հայաստան՝ ցեղասպանությունը շարունակելու: Դու էիր ասում' Ալիեւը պատերազմ է սանձազերծել եւ գնում է ցեղասպանության: Հիմա այս հայտարարություններից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանն է պատերազմ սկսել Ադրբեջանի հետ: 1988 թվականին արցախահայությունը, օգտվելով միջազգային իրավունքի ԽՍՀՄ օրենսդրության եւ սահմանադրության համապատասխան օրենքից, ըստ որի՝ պետական կազմավորումները, այդ թվում՝ ԽՍՀՄ-ի կազմում գտնվող ինքնավար մարզերը, իրավունք ունեն հանրաքվեների միջոցով որոշել իրենց ապագան, մեր ժողովուրդն էլ, օգտվելով այդ օրենքից եւ միջազգային նորմերից, 88-ին դիմել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Խորհրդային Միության գերագույն խորհուրդներին' միանալու Խորհրդային Հայաստանին, իսկ արդեն 1991 թվականին, օգտվելով միջազգային իրավունքի ինքնորոշման իրավունքի գլխավոր կետից, հռչակել է իր անկախությունը: Հանրաքվե է իրականացրել' իր իրավունքներից ելնելով, դրան ի պատասխան՝ Ադրբեջանը պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ: Եվ հետո հաղթել ենք պատերազմում: Հիմա Նիկոլի ասածն ի՞նչ է, սխա՞լ ենք արել, որ Շուշին ազատագրել ենք, հա՞: Կոմանդոսը, Վազգենը, Սերժը, Ռոբերտը, Մանվելը, Սամվելը, Սեյրանը, Խաչատուրովը՝ բոլոր հերոսները սխալ են արել՝ Նիկոլի ասածը դա է: Նա հայ հավաքական ժողովրդին մեղադրում է, որ գնացել եւ հայրենիք են պաշտպանել: Այս տրամաբանությամբ Վարդան Մամիկոնյանն էլ է սխալ եղել, Կարմիր Վարդանն ու Գարեգին Նժդեհն էլ են սխալ եղել: Այս մարդը թուրքական շահերի սպասարկող է: Պանթուրքիզմի քաղաքականության մեջ Հայաստան, որպես ինքնուրույն գործոն, չկա: Նիկոլի բերած ապագան մենք տեսնում ենք: 2020 թվականից հետո Նիկոլն իր ԱԺ նախագահի հետ ծափ էր տալիս ու բղավում, որ կա ապագա: ՄԱԿ-ի գագաթնաժողովում չկա՞ր մեկը, որ ասեր' ժողովուրդ ջան, սրա ասածները լուրջ մի ընդունեք, սա պատերազմի ժամանակ էլ է ապագայից խոսել, բայց հայրենիք է հանձնել: Սա՞ է դրա բերած ապագան, ես չեմ ուզում դրա բերած ապագայով ապրեմ: Նիկոլի բերած ապագան Հայաստանի թրքացումն է, վերջ, այլ ապագա չկա:
- Փաշինյանն ասում է. «Կկենտրոնանամ ոչ թե հարեւան երկրներին մեղադրելու, այլ հնարավորությունների վրա»: Անգամ ՄԱԿ-ի հարթակը չի օգտագործում մեր առջեւ ծառացած խնդիրների, մեր ագրեսոր հարեւանների մասին խոսելու համար: Ադրբեջանը զավթել է ՀՀ սուվերեն տարածքը, հայ ռազմագերիներին խոշտանգում է, Ալիեւը սպառնում է, որ պատժելու է Հայաստանին զենք վաճառող երկրներին, իսկ Հայաստանի ղեկավարը չունի որեւէ առարկություն:
- Նա իր այս ելույթով փոխում է փիլիսոփայություն եւ ռազմավարություն: Դա նույն բանն է, որ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը կենտրոնանան ոչ թե ֆաշիզմը դատապարտելու եւ Հիտլերին մեղադրելու վրա, այլ ասեն' Հիտլերն ի՞նչ աներ, մենք էինք մեղավոր ու սխալ, որ նա հարձակվել էր մեզ վրա: Ես՝ որպես պատմաբան, կարող եմ ասել, որ պատմությունն ու քաղաքագիտությունը մշտապես զարգացել են այն ուղղությամբ, որ դահճին պետք է պատժել: Հանցագործությունները պետք է դատապարտել' նոր հանցագործություններից խուսափելու համար: Նիկոլի ասածն այն է, որ եթե վաղը գողը մտնի իր կամ իմ տուն, մեղավորը մենք ենք, ոչ թե գողը: Քո սպառնալիքը Թուրքիան եւ Ադրբեջանն են, ի՞նչ ես խոսում, արա, քեզ վրա կենտրոնանում ես, որ ի՞նչ անես: Բանակ ինչի՞ համար ես պահում: Ալիեւը սպառնում է Հայաստանին, էլ ի՞նչ բանավիճես սրա հետ: Սա թուրքական շահերի սպասարկող է: Նա մտածում է, որ թուրքերին Հայաստանը զիջելով, վայելելու է իշխանությունը, բայց չի հասկանում, որ զիջելով, զիջելով՝ մի օր էլ ասելու են՝ գնա, դու էլ Հայաստանի վարչապետը չես, մի հատ չգիտեմ ինչ օղլի ենք բերել, նա է լինելու Հայաստանի ղեկավարը: Սեպտեմբերի 19-ին Արցախ չհիշեց, սեպտեմբերի 21-ին Արցախ չհիշեց, ի՞նչ ապագայից ես խոսում, հետաքրքիր է: Ադրբեջանը տարածքներ է օկուպացրել Հայաստանից, բայց մեղավորը հայ ժողովուրդն է, փաստորեն, վաղն էլ ասելու է' դուք մեղավոր եք, ժամանակին պայքարել եք, Վարդան Մամիկոնյանն էլ էր մեղավոր, որ պայքարել է, Կարմիր Վարդանը, Աշոտ Երկաթը, Գեւորգ Մարզպետունին մեղավոր են եղել, Նժդեհն է մեղավոր, Մոնթեն էլ։ Խելոք եզի նման թուրքին նոքյար դառնայիք, ապրեիք, ձեզ էլ մատով չէին կպնի, թուրքն էլ է նույն բանն ասում: Սրանց ասածն այն է, որ հայը պետք է ստրուկի պես թուրքի առաջ ապրեր: Մե՞նք ենք նրանց մզկիթները եկեղեցի դարձրել, թե՞ նրանք են մեր եկեղեցիները մզկիթների վերածել: Մեր հայրենիքը զավթել են, մեր մրմուռն այդտեղից է, մարդ պիտի ադեկվատության պակաս ունենա, որ դա չհասկանա: ՄԱԿ-ում պիտի նրան ասեին' քո բերած ապագան ոչ մեկին պետք չէ: Գլուխը ջայլամի պես ավազի մեջ է կոխել ու ապագայից է խոսում, քո տեղը բոլորը տարածաշրջանում խոսում են, բացի քեզնից: