Երեկ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ը հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի «Երկրապահ կամավորականների միության» Գյումրիի և Էջմիածնի կառույցների 12-15 անդամներից բաղկացած մի խումբ՝ Գյումրիի կառույցի ղեկավար Յուրա Ալեքսանյանի գլխավորությամբ, հարձակվել է Ազատության հրապարակում անցկացվող շուրջօրյա նստացույցին մասնակցող «Նոր Հայաստան» ճակատի աջակիցների և այնտեղ ներկա քաղաքացիների վրա՝ «ակնհայտորեն փորձելով սադրել զանգվածային բախում: Մասնավորապես՝ հարձակվողներից մեկը մոտեցել է նստացույցի մասնակից, ազատամարտիկ Յուրա Աթոյանին և, իր ընկերներին հարց ուղղելով, թե սա էն օրվա թուրքը չէր, թքել է Յուրա Աթոյանի երեսին, իսկ նրա կողքին կանգնած մեկ ուրիշը ոտքով հարվածել է Յուրա Աթոյանի կրծքավանդակին»:

 

 

Aravot.am-ը «Երկրապահ կամավորականների միության» Գյումրիի կառույցի ղեկավար Յուրա Ալեքսանյանից հետաքրքրվեց, թե ո՞րն է եղել միջադեպի պատճառը: Վերջինս ասաց, որ իրենց զայրացրել է Յուրա Աթոյանի՝ armlur.am-ին տված հարցազրույցը, որով նա անհարգալից արտահայտություններ է թույլ տվել գեներալ Մանվել Գրիգորյանի, նախագահ Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի հասցեին: «Մենք Ազատության հրապարակ չէինք գնացել սադրանքներ հրահրելու, կռիվ անելու, էն էլ որտեղ Ազատության հրապարակո՞ւմ, ուր հարյուրավոր մարդիկ կային ու լիքը ոստիկաններ… Ուղղակի գնացինք իրեն տեսնելու ու իր հասցեն ներկաների մոտ բարձրաձայնելու, ասելու, որ սոված բոմժի մեկն է, կողքբոլորի մարդկանց խաբում է, ազատամարտիկ չի եղել: Ուզում էինք հայտարարել, որ ոչ միայն ազատամարտիկ անվան հետ բացարձակ կապ չունի: Երբ մոտեցանք իրեն տղեքի՝ մի տաս հոգու հետ, ոչ ավել, նա սկսեց պրովոկացիա անել, մի աղմուկ բարձրացնել, թե տեսեք եկել են գլխիս սարքելու, հավաքվեցին կողքբոլորը սաղ, տղեքից մեկը այդ խոսքի վրա թքեց վրեն: Ինքը ո՞վ է, որ գեներալի հասցեին բարբաջանքներ հնչեցնի, Արցախի հերոսի, 50 հազարանոց հոգանոց երկրապահական ընտանիքի ղեկավար մարդու, ո՞նց կարող է բան ասել կամ առհասարակ ազատամարտիկի անունից հանդես գալ: Ու միշտ շեշտվում է, թե Գյումրու ազատամարտիկ է… Ժիրայր Սեֆիլյանին էլ Ժիրայր Զելֆիմյան է անվանում, ասում է 1989 թվից իմ հրամանատար է եղել, այնինչ էդ մարդը 92 թվականից է էստեղ եղել»,– վրդովված ասաց Յուրա Ալեքսանյանը:

 

 

«Իսկ ինչո՞ւ էիք նկարահանում այս բոլորը, ո՞ւմ եք ցույց տալու, ինչ-որ մեկին ապացուցելու բան ունե՞ք»,– հարցրել է լրագրողը՝ մեջբերելով «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ի հաղորդագրությունը։ Յուրա Ալեքսանյանը պատասխանել է. «Ի՞նչ են խոսում, հակառակ իրենք են նկարահանել, գիտեք քանի նկարահանողներ կային: Նորից եմ կրկնում, եթե մենք կռիվ անող լինեինք, ուրիշ մի վայրում կկռվեինք, կռվի համար չէինք գնացել, ուղղակի ուզում էինք հասցեն հնչեցնել: Ինքն էլ, պատկերացնելով՝ ինչ է կատարվելու, աղմուկ բարձրացրեց, պրովոկացիա արեց, որ մարդիկ չիմանան ինքն ով է»: 

Ավելին՝ այստեղ: