Վերջին շրջանում մամուլը պարբերաբար անդրադառնում է Արթուր Ասատարյանի (Դոն Պիպո մականվամբ) և Էջմիածնի նախկին փոխքաղաքապետ Վազրիկ Գրիգորյանի կապին։ Ավելին՝ խոսվում է, թե Արթուր Ասատրյանի թիմն առաջիկա ՏԻՄ ընտրություններին սատարելու է Վազրիկ Գրիգորյանին, այն դեպքում, երբ վերջինս գեներալ Մանվել Գրիգորյանի մտերիմն է։
Սակայն Արթուր Ասատրյանի թիմի անդամ Արտակ Սերգոյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հերքեց այդ լուրերը․ «Մենք ոչ ոքի չենք աջակցում, իսկ առաջիկայում էլ կաջակցենք այն թեկնածուին, որը կվայելի ժողովրդի սերն ու հարգանքը, իսկ այս պահին նույնիսկ հստակ թեկնածուների անուններ չկան»։
Հարցին, թե այնուամենայնիվ հնարավո՞ր է, որ Վազրիկ Գրիգորյանի հետ որևէ կապ կա, քանի որ առաջին անգամ չէ, որ խոսվում է նրան աջակցելու մասին, Արտակ Սերգոյանն առարկեց․ «Մամուլը զրպարտում է մեր թիմին, իսկ գրողը կոնկրետ «Հրապարակ» օրաթերթն է, որի դեմ մենք դատական հայց ենք ներկայացնելու նման կեղծ լուրեր տարածելու համար։ Մենք բարեգործներ և բիզնեսմեններ ենք, և մեր թիմից ոչ ոք Գրիգորյանների կցորդներին չի սատարում, դա տրամաբանական էլ չէ, և դատի ենք տալու այդ լրատվականին․ իրավաբաններիս հետ արդեն զբաղվում եմ այդ հարցով»,- ասաց Սերգոյանը:
Մեկնաբանություն ստանալու համար զրուցեցինք նաև «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի հետ: Մեզ հետ զրույցում վերջինս նշեց, որ հաջողություն է մաղթում Արտակ Սերգոյանին. «Նա ո՞վ է, որ ինձ ինչ-որ բանում մեղադրի։ Ես որևէ մեկնաբանություն չեմ տալիս այս թեմայի շուրջ»,- ասաց Արմինե Օհանյանը։
Արմինե Միքայելյան