ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 2-ին տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը զեկուցել է անցյալ շաբաթվա ընթա ցքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների, կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Նախարարին զեկուցվել է ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) որակավորման գործընթացին մասնակցելու նախապատրաստական աշխատանքների, ինչպես նաև՝ աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ տարվող միջոցառումների մասին:
«Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետ Հ. Պետրոսյանը զեկուցել է առաջիկայում սպասվող աշխատանքների մասին: Նախատեսվում է Լոռու մարզի Վանաձոր և Սպիտակ քաղաքների մանկատներում կազմակերպել սեյսմիկ պաշտպանության թեմաներով դասընթացներ:
Միգրացիոն պետական ծառայության պետ Գ. Եգանյանը զեկուցել է մարզպետարանների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության մասին, ներկայացրել է շաբաթվա ընթացքում ապաստանի հարցով դիմած քաղաքացիների մասին ամփոփ տվյալները:
Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցել են շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և մարզային ՃԿԿ-ների ստեղծման ընթացիկ աշխատանքների մասին։ Վայոց ձորի ՄՓՎ պետ Տիգրան Պետրոսյանը զեկուցել է Խաչիկ համայնքում տեղի ունեցած քարաթափման ուսումնասիրության արդյունքները:
Նախարար Երիցյանը, կրկին անդրադառնալով մարզերի հետ ակտիվ համագործակցությանը, հանձնարարել է պարբերաբար այցելել մարզեր' համայնքային խնդիրներին ծանոթանալու և լուծումներ տալու նպատակով։ Նշելով, որ այսուհետ մարզխորհրդի բոլոր նիստերին ներկա է լինելու կամ անձամբ նախարարը, կամ իր բացակայության դեպքում փոխնախարարներից որևէ մեկը՝ Արմեն Երիցյանը շեշտել է, որ խստորեն վերահսկելու է մարզերում իրականացվող գնային քաղաքականությունը՝ հատկապես գազի և հացի գները:
Նախարարն անդրադարձել է նաև ԼՂՀ կառավարության պատվիրակության հետ հանդիպմանը՝ նշելով, որ տարածքային կառավարման ոլորտում ՀՀ և ԼՂՀ համագործակցությունը լինելու է նույնքան սերտ և արդյունավետ, որքան արտակարգ իրավիճակների ոլորտում էր:
Արմեն Երիցյանի հանձնարարականով՝ ՏԿԱԻ նախարարության արհմիութենական կազմակերպությունը աջակցություն կցուցաբերի կյանքից վաղաժամ հեռացած ՀՀ ՏԿԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի» տեղեկատվության վարչության առաջին կարգի մասնագետ Էդգար Սիրեկանյանի ընտանիքին:
Եզրափակելով խորհրդակցությունը՝ նախարար Երիցյանը նշել է, որ ամսի 3-ին նախատեսվում է այցելություն Արարատի մարզ, ինչպես նաև՝ Վայոց ձորի Խաչիկ համայնք՝ քարաթափման հետ կապված իրավիճակին ծանոթանալու նպատակով: