Սեյսմիկ պաշտպանության ծառայության պետ Հրաչյա Պետրոսյանը կոչ է անում չլարել իրավիճակը՝ նշելով, որ Վանաձորում նոր երկրաշարժի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Պետրոսյանն ընդգծեց, որ Վանաձորում ուժեղ երկրաշարժ չի լինելու: «Նոր երկրաշարժի մասին լուրերը սուտ են, մարդիկ պարզապես շահագրգռված են դրանք տարածել: Ուժեղ երկրաշարժի կանխատեսման համար հիմք հանդիսացող անոմալիաներ ծառայության դիտարկումների ցանցի տվյալներով չկան, ուստի և անհանգստանալու կամ խուճապի կարիք չկա»,- նշեց նա:

 

Ինչ վերաբերում է երկրաշարժի կանխատեսման հնարավորությանը, ապա թույլ ցնցումները կանխատեսելի չեն: «Վանաձորում արդեն գրանցված երկրաշարժն ու դրան հաջորդած ցնցումները համարվում են թույլ ցնցումներ: Ուժեղ ցնցումներ կլինեին, եթե լիներ 5,5 մագնիտուդից ավելի: Թույլ ցնցումները ոչ կանխատեսելի են, ոչ էլ իմաստ ունի դրանք կանխատեսել»,- նշեց Հրաչյա Պետրոսյանը:

 

Վանաձոր քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք հուլիսի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 03.08-ին, տեղի է ունեցել 4 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.710 և արևելյան երկայնության 44.410: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժն զգացվել է Լոռու և Արագածոտնի մարզերում՝ 3-4 բալ ուժգնությամբ: Երկրաշարժին հաջորդել է 0,8-1,2 մագնիտուդով 4 հետցնցում:

 

«Պետք է հետևել միայն ՀՀ ԱԻՆ պաշտոնական հաղորդագրություններին և չհավատալ մարդկանց շրջանում տարածված սեյսմիկ վտանգի մասին լուրերին»,- նշված է ԱԻՆ կայքում: