Վանաձոր և Սպիտակ քաղաքներում բնակչության կողմից զգացված, հուլիսի 6-ի տեղական ժամանակով ժամը 11.13 րոպեին տեղի ունեցած 3 (բալը էպիկենտրոնում 4) և հաջորդ օրը' ժամը 03.34 րոպեին 4.3 մագնկտուդով (բալը' 5) երկրաշարժերը խուճապ են առաջացրել բնակչության շրջանում: Ոչ մի պաշտոնական հաղորդագրություն ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայության» կողմից սպասվելիք երկրաշարժի մասին չի եղել: Այս մասին նշված է ՀՀ ԱԻՆ տարածած հաղորդագրության մեջ, որում, մասնավորապես, ասված է.

 

«Ըստ գործող կարգի, մասնագետները ցանկացած երկրաֆիզիկական և այլ դաշտերի անոմալ փոփոխությունների դեպքում և զգացվող սեյսմիկ իրադարձությունից հետո մանրամասն վերլուծում են ստեղծված իրավիճակը և անհրաժեշտության դեպքում տարածում պաշտոնական հաղորդագրություն, մասնավորապես, զանգվածային լրատվամիջոցներով: Առ այս պահը, վտանգի մասին ոչ մի պաշտոնական հաղորդագրություն չի եղել, և մասնագետները գտնում են, որ ուժեղ երկրաշարժի առաջացման հավանականություն և բնակչությանը անհանգստանալու առիթ չկա:

 

Սպիտակի' 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո անցել է 25 տարուց ավելի, սակայն սեյսմաբանները գտնում են, որ դեռևս այս երկրաշարժի օջախում ակտիվությունը չի մարել և այսպիսի թույլ երկրաշարժերի տեղի ունենալը բնորոշ են հետերկրաշարժյան գործընթացներին, այսինքն' հետցնցումները շարունակվում են և դեռևս շարունակվելու են:

 

Նորից շեշտում ենք, որ ուժեղ երկարաշարժի կանխատեսման համար հիմք հանդիսացող անոմալիաներ ՀՀ ԱԻՆ «ՍՊԾ»-ի դիտարկումների ցանցի տվյալներով չկան, ուստի և անհանգստանալու կամ խուճապի կարիք չկա: Պետք է հետևել միայն ՀՀ ԱԻՆ պաշտոնական հաղորդագրություններին և չհավատալ մարդկանց շրջանում տարածված սեյսմիկ վտանգի մասին լուրերին»: