Մենք ստիպեցինք Ադրբեջանին իր դիմակը պատռել:ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Եվրոպական խաղերում Հայաստանի պատվիրակության մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանը:

 

«Մեզ շնորհավորում էին, շնորհակալություն հայտնում մասնակցության համար: Ամենաշատը մեզ հետ էին ցանկանում հարցազրույց անել բոլոր լրատվամիջոցները, այդ թվում նաև՝ ադրբեջանական: Բոլորն ուզում էին մեր մարզիկների կարծիքն իմանալ: Հասկանալի է՝ ոմանք փորձում էին պղտորել ջուրը՝ ձուկ բռնելու համար, ոմանց դա պետք էր, բայց իսկապես բոլորի ուշադրության կենտրոնում մեր պատվիրակությունն էր: Փորձում էին ելույթներն ավարտած մեր մասնակիցների հետ անպայման հարցազրույց անել, որովհետև մեկ բառն անգամ կարող էր ճակատագրական լինել, մենք փորձում էինք սառը, հավասարակշռված ամեն ինչն անել: Նույնիսկ խնդրում էինք, որ մեր նյութերի տակ մեկնաբանությունները շատ բաց չգրեին, որովհետև ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում էին անմիջապես: 

 

Ընկերներիցս մեկը գրել էր՝ Գիլոյան, դու Բաքուն գրավելու փորձ ունես՝ նկատի ունենալով 2007թ. աշխարհի առաջնությունը, որին մասնակցում էինք: Անմիջապես ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնվեց հոդված, թե հայ «ֆաշիստները» չեն դադարում իրենց մեկնաբանություններն անել և այդ մեկնաբանությունն էր գրված:

 

Հարցազրույցներում ամեն ինչ ասել ենք, և վերնագրերը այդպես էլ գրում էին՝ չէինք վախեցել, որ վախենայինք՝ չէինք գա, եկել ենք պայքարելու:

 

Ամբողջ շեշտադրությունը եղել է այն, որ սա սպորտ է, մենք էլ եկել ենք մասնակցելու և հաղթելու: 25 հոգանոց պատվիրակությունում մեկ կամ երկու հոգու մոտ էր զգացվում լարվածություն, դա էլ ոչ թե վախից էր, այլ հաղթելու պատասխանատվության զգացումից: Բոլորը պրոֆեսիոնալ, մի մարդու պես շատ լավ տրամադրված, առանց ուշադրություն դարձնելու անընդհատ հնչող սուլոցներին, մասնակցեցին և փառքով պահեցին մեր երկրի պատիվը: Ամբողջ Եվրոպայի ծախսերը հոգացել է Ադրբեջանը, միայն մեր ծախսերն է հոգացել պարոն Գագիկ Ծառուկյանը՝ հրաժարվելով ադրբեջանական փողերից: Պետք է համոզված լինենք, որ մի տարի հետո Ռիո Դե Ժանեյրոյում մենք շատ մրցունակ հավաքական կունենանք, եթե նաև գումարեն այն ներուժը, որն ունեինք և չէինք տարել, ապա մենք կունենանք շատ լուրջ հավաքական և շատ լուրջ ակնկալիքներ:

 

Ինչ էր տեղի ունենում, եթե մենք չէինք գնում Բաքու. ադրբեջանցիները չէին սուլում, եվրոպացիները չէին տեսնում ադրբեջանցիների վերաբերմունքը, Ադրբեջանը հայտարարում էր, որ իրենք ամեն ինչ արեցին, Հայաստանը չեկավ, մեղքը Հայաստանինն է, ամբողջ պատասխանատվությունը կրում էինք մենք, դուրս էինք մնում ընդհանուր ընտանիքից, մեզ ոչ ոք չէր հասկանում:

 

Հիմա ի՞նչ տեղի ունեցավ. մենք գնացինք, պատվով մեր գործը կատարեցինք, ամբողջ Եվրոպան տեսավ, թե Ադրբեջանն ինչ վերաբերմունք ունի մարդկանց նկատմամբ, անգամ մարզիկների: Ադրբեջանական լրատվամիջոցներին հարցազրույց տալու ժամանակ ասացի, որ երկրպագում են ոչ թե ինչ-որ մեկի դեմ, այլ ինչ-որ մեկի համար: Ասացին՝ դուք էլ մեզ եք սուլել 2009թ. ձյուդոյի աշխարհի առաջնության ժամանակ: Ասեցի՝ այո, ես դահլիճում եղել եմ և վստահեցնում եմ՝ մենք սլովակներին չէինք երկրպագում ադրբեջանցիների դեմ, դուք երկրպագեք ձեր Ադրբեջանին և սուլեք ինչպես կարող եք, ես դա կհասկանամ, բայց երբ հայն ու սլովակը, հայն ու պորտուգալացին մրցում են ու դուք ամբողջովին հայի դեմ եք երկրպագում, դա չեմ հասկանում: Շվեյցարիացի կամավորը դուրս գալուց մոտեցավ մեզ, ասաց՝ այո, դուք ճիշտ եք ասում, այսինքն՝ մենք ստիպեցինք Ադրբեջանին իր դիմակը պատռել»: