Վրաստանի քաղաքացի Թենգիզ Խալվաշին հայտնել է թուրք սահմանապահների կողմից իրեն հասցված ֆիզիկական բռնության մասին, որը տեղի է ունեցել թուրք-վրացական սահմանի Սարպի անցակետում: Իր ցուցմունքները քաղաքացին տվել է վրացական ոստիկանությանը, տեղեկացնում է "Грузия Online"-ը:
«Երբ ես անձնագիրս տվեցի սահմանապահին, զանգահարեց հեռախոսս: Ես խոսում էի հեռախոսով, իսկ նա ստուգում էր տվյալները: Նա բարկացավ այն փաստից, որ ես խոսում եմ: Ձեռքիցս խլեց հեռախոսը և իմ իսկ հեռախոսով հարվածեց գլխիս։ Ես դիմել եմ թուրք իրավապահներին, սակայն չգիտեմ՝ ինչ են անելու: Ես հայտնել եմ նաև Սարպիում մեր անցակետին, նրանք կանչել են Գոնիոյի ոստիկաններին, ովքեր էլ ինձ տեղափոխել են ոստիկանություն»,- նշել է Խալվաշին:
Կայքը նշում է, որ սա արդեն 2-րդ դեպքն է, երբ Վրաստանի քաղաքացիները հրապարակայնորեն հայտնում են թուրք սահմանապահների կողմից ֆիզիկական բռնությունների մասին: Հունիսի 30-ին այդ մասին հայտնել էր Վրաստանի քաղաքացի Թեմուր Աբաշիձեն:
Առաջին միջադեպից հետո Բաթումում Թուրքիայի հյուպատոսությունում հայտնել էին, որ Աբաշիձեի գործը կուսումնասիրվի: Արդյունքներ դեռևս չկան: