Հունաստանի իշխանությունները որոշել են երկրում երկարաձգել «բանկային արձակուրդը»: Բանկերը փակ կմնան մինչև հուլիսի 13-ը, կշարունակեն գործել նաև բանկոմատներից կանխիկ դրամ հանելու սահմանափակումները՝ օրական 60 եվրո, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Այս սահմանափակումները մտցվել են հունիսի 28-ին այն բանից հետո, երբ միջազգային վարկատուների հետ Աթենքի բանակցությունները մտան փակուղի, իսկ Եվրոպայի կենտրոնական բանկը որոշում կայացրեց չավելացնել Հունաստանի բանկին ցույց տրվող շտապ ֆինանսական օգնության ծավալը:

 

Սակայն Հունաստանի իշխանությունները հավատացնում են, որ պարենի և վառելիքի բավականաչափ պաշարներ ունեն, և երկրի քաղաքացիներին ու զբոսաշրջիկներին կոչ են անում խուճապի չմատնվելու:

 

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ ինքը ճգնաժամից դուրս գալու նոր «ռեալիստական պլանը» կներկայացնի հուլիսի 9-ին. դա եվրոգոտու երկրների կողմից Աթենքի համար սահմանված վերջին ժամկետն է: Հուլիսի 12-ին հունական ճգնաժամը կքննարկվի Եվրամիության արտահերթ գագաթնաժողովում, որին կմասնակցեն ԵՄ-ի բոլոր 28 երկրների, այլ ոչ թե միայն եվրոգոտու 19 երկրների ղեկավարները, հաղորդել է BBC-ն: