Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը երկրի նախագահական նստավայրում' Բեռլինի «Բելվյու» պալատում իր հավատարմագրերն է հանձնել դաշնային նախագահ Յոախիմ Գաուկին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ' նախագահ Գաուկը հույս է հայտնել, որ նա իր կարևոր ներդրումը կունենա Հայաստանի և Գերմանիայի միջև բարեկամական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության հետագա ծավալման և ամրապնդման գործում:

 

Հուլիսի 8-ին կայացած պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում դաշնային նախագահի խնդրանքով Աշոտ Սմբատյանը ներկայացրել է ՀՀ - ԵՄ հարաբերությունների զարգացման ընթացքը: Զրուցակիցներն անդրադարձել են քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական համագործակցութան, տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցերի:

 

Դեսպան Սմբատյանը շնորհակալություն է հայտնել՝ Հայաստանի զարգացմանն ուղղված գերմանական կողմի ցուցաբերած շարունակական աջակցության համար։