Ադրբեջանական «Գաբալա» ֆուտբոլային թիմի հետ վրացական «Դինամոյի» պատասխան հանդիպման ժամանակ ադրբեջանցի երկրպագուները հակավրացական պաստառներ են պարզել և այրել Վրաստանի դրոշը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով qafqazinfo.az լրատվական կայքը, ադրբեջանցիները պաստառների վրա գրել են, որ Վրաստանի Մարնեուլի, Ռուստավի, Բոլնիսի, Դմանիսի շրջանները, իբր, Ադրբեջանի «վաղնջական հողեր» են:

 

Պաստառները հեռացվել են ոստիկանության միջամտությունից հետո: Հանդիպմանը մասնակից թիմերի երկրպագուների միջև բախումը կանխելու համար մարզադաշտի անվտանգության ծառայությունը Վրաստանից ժամանած երկրպագուներին տեղավորել է տեղացիներից երկաթե ճաղերով անջատված հատվածում:

 

Թիմերի միջև Վրաստանում տեղի ունեցած առաջին հանդիպման ժամանակ վրացի երկրպագուները «Մենք հիշում ենք Կախին և Զաքաթալան. 1921» բովանդակությամբ պաստառ էին պարզել, ինչով փորձել են հասկացնել տալ, որ ներկայիս Ադրբեջանի հյուսիսարևմտյան Կաղի, Զաքաթալայի և Բելոքանի շրջանները պատկանել են Վրաստանին:

 

Նման բովանդակությամբ պաստառներ վրացի երկրպագուները պարզել էին նաև 2014 թվականի հուլիսի 31-ին Բաքվում «Նևթչի» և վրացական «Չիխուրա» թիմերի միջև անցկացված հանդիպման ժամանակ: