Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը սպառնացել է ռուսաստանյան այն ԶԼՄ-ներին, որոնք պատրաստվում են մասնակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքում հաստատված ռուսաստանցի մեծահարուստ Գերման Ստերլիգովի՝ հուլիսի 13-ին հայտարարած մամուլի ասուլիսին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է moderator.az լրատվական կայքը:

 

 

Կայքի հետ զրույցում Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ստերլիգովի մամուլի կոնֆերանսին մասնակցած յուրաքանչյուր լրագրող անմիջապես կհայտնվի իրենց անցանկալի անձանց «սև ցուցակում», քանի որ մինչ այժմ ոչ մի լրագրող այդ ասուլիսին մասնակցելու համար պաշտոնական Բաքվից «թույլտվություն» չի ստացել:

 

 

Շուշիում Ստերլիգովի մամուլի կոնֆերանս հրավիրելու մասին լուրը հայտնել է ռուսաստանյան REN TV հեռուստաալիքը, որի թղթակիցը ռուս գործարարի հետ զրուցել է Ստեփանակերտում:

 

 

Ադրբեջանում դժգոհությամբ են ընդունել ընտանյոք հանդերձ ԼՂՀ-ում հաստատվելու մասին Ստերլիգովի որոշումը: Հիքմեթ Հաջիևն այդ առնչությամբ հայտարարել էր, որ ԼՂ-ում Ստերլիգովի հաստատվելու մասին լուրը ճշտվելուց հետո Ադրբեջանը նրան կներառի իր ԱԳՆ-ի «սև ցուցակում»:

 

 

Ադրբեջանի ԱԳՆ-ը տխրահռչակ «սև ցուցակում» ընդգրկում է ԼՂՀ այցելող բոլոր հանրահայտ անձանց, լրագրողներին, պետությունների ներկայացուցիչներին, արվեստի գործիչներին:

 

 

Ադրբեջանական այդ ծիծաղելի «սև ցուցակում» է հայտնվել նաև օրերս Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում վարպետության դասեր անցկացրած աշխարհահռչակ երգչուհի Լյուբով Կազարնովսկայան, իսկ ավելի վաղ' մի քանի անգամ ԼՂՀ այցելած աշխարահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն:

 

 

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը տխրահռչակ «սև ցուցակը» սկսել է հրապարակել 2013 թվականից: 2015 թվականի հունիսի դրությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ի անցանկալի անձանց ցուցակում ընդգրկված է 470 մարդ: Նրանց մեծ մասը հայտարարել է, որ իրենց համար միևնույնն է Ադրբեջանի այդ ծիծաղելի ցուցակում հայտնվելը, քանի որ իրենք մարդասիրությունը վեր են դասում քաղաքականությունից: