Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող «Ո՛չ թալանին» նախաձեռնությունն այսօր Վարդավառի տոնի կապակցությամբ սիմվոլիկ «ջրոցի» էր կազմակերպել Երևանի Բաղրամյան պողոտայում:

 

 

Հունիսի 23-ին ոստիկանների ջրցան մեքենա էին օգտագործել՝ Բաղրամյան պողոտայի երթևեկելի հատվածը փակած և նստացույց հայտարարած «Ո՛չ թալանին» նախաձեռնության ակտիվիստների դեմ: Այսօր Բաղրամյան պողոտայում ակտիվիստները վերադարձնում էին պարտքը:

 

 

«Լիքը միլիցա ենք ջրել, որ այդ կարծրատիպը կոտրվի: Իրենք մեզ ջրեցին, մենք էլ իրենց, ու թող իմանան՝ ոնց իրենք մեզ հետ կվարվեն, այնպես էլ մենք իրենց, այսինքն՝ ինչ կտան, այդ էլ կստանան, ջրին՝ ջրվում են», – «Ազատության» հետ զրույցում ասել է «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը:

 

 

«Ո՛չ թալանին» նախաձեռնության ակցիային նաև տարբեր քաղաքացիներ էին միացել:

 

 

«Երևի 60-70 հոգու կարգի կայինք: Բաղրամյանում, այստեղ փողոցում ենք խաղացել, մայթերում», – պատմել է Մաքսիմ Սարգսյանը:

 

 

էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիաներն սկսվեցին, երբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին որոշեց էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 6.93 դրամով: Հունիսի 19-ին Երևանի կենտրոնում' Ազատության հրապարակում, մեկնարկեց բողոքի ակցիա' հանրահավաք, այնուհետև' նստացույց: Ակցիայի մասնակիցները հունիսի 22-ին տեղափոխվեցին Բաղրամյան պողոտա, սակայն դեպի Բաղրամյան 26' Հայաստանի նախագահի նստավայր նրանց ճանապարհը փակեց ոստիկանությունը, որը ջրցան մեքենաների կիրառմամբ հաջորդ օրը վաղ առավոտյան ցրեց ակցիան, 237 մարդ բերման ենթարկվեց: Հունիսի 23-ի երեկոյան կրկին հավաք անցկացվեց Ազատության հրապարակում՝ վերածվելով երթի կրկին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ այն անընդմեջ շարունակվեց մինչև հուլիսի 6-ը, երբ ոստիկանությունը կրկին ցրեց էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցը և վերականգնեց պողոտայի երթևեկությունը:

 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում