Սերբիայում ավարտվեց «Ոսկե ձեռնոց» անվանումը կրող բռնցքամարտի հեղինակավոր մրցաշարը, որին այս անգամ մասնակցեցին 29 երկրի 236 բռնցքամարտիկ: Մարզիչներ Հարություն Նազարյանի և Ռուդիկ Մկրտչյանի ղեկավարությամբ այս հեղինակավոր մրցաշարին մասնակցեց նաև բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի 6 բռնցքամարտիկ, որոնցից 3-ը հայրենիք վերադարձան մեդալներով, ընդ որում այդ մեդալներից 2-ը ամենաբարձր հարգի էին:
Իրենց բոլոր մրցակիցներին հաղթեցին և պատվո հարթակի ամենավերին աստիճանին կանգնեցին 51 կգ քաշային աշխարհի չեմպիոնուհի Անուշ Գրիգորյանը և 60 կգ քաշային Անի Հովսեփյանը: Անուշը եզրափակչում 3:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց Կանադան ներկայացնող Բինկա Պաուկիի նկատմամբ, իսկ Անին՝ ոսկե մեդալի համար մենամարտում նույն, 3:0 հաշվով համոզիչ առավելությամբ պարտության մատնեց լեհուհի Ադրիանա Ժեդրեյչիկին:
Սերբիայում Հայաստանի հավաքականը նվաճեց նաև մեկ բրոնզե մեդալ: Պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեց 91 կգ քաշային Դավիթ Չալոյանը, ով կիսաեզրափակչում զիջել էր Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Արտյոմ Միքայելյանին, տեղեկացնում է
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: