Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը (GTTC) շարունակում է ՏՏ և ծրագրավորման ոլորտում որակյալ կադրերի պատրաստման գործընթացը: Արդեն 10 տարվա գործունեության պատմություն ունեցող կենտրոնը ոչ միայն լուծում է Գյումրիում երիտասարդ կադրերի պատրաստման, այլ նաև ավելի կարևոր՝ նրանց աշխատանքի տեղավորման խնդիրը: Կենտրոնն այս տարի ուներ երկամյա կրթակ ան ծրագրի և երեկոյան դասընթացների 26 շրջանավարտ: Հատկապես այսօր, երբ GTTC -ի շնորհիվ Գյումրին տեխնոլոգիական կենտրոն վերածելու տեսլականն արդեն իրատեսական է, ավելի է կարևորվում հատկապես մասնագետ կադրերի պատրաստման և նրանց Գյումրում պահելու խնդիրը:
Սակայն, GTTC-ն դեռ շատ անելիքներ ու ծրագրեր ունի այս ոլորտում, և կենտրոնն իր առաքելությունը ավարտած չի համարում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը: «Նախատեսում ենք համագործակցություն «Հանուն Գյումրու ու գյումրեցիների» կազմակերպության հետ, ՅՈՒՆԻՍԵՖ-Հայաստանի հետ կշարունակենք ծրագիր իրականացնել, իսկ ամենամեծ՝ Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի կրթական ամբողջ ծրագիրը, որ շուտով սկսելու ենք՝ Համաշխարհային բանկի և «Ձեռնարկությունների ինկուբատորե հիմնադրամի հետ ենք իրականացնելու՝ «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի», «Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն»-ի,»Հայ օգնության ֆոնդ»-ի և «Եռաչափ մոդելավորման ասոցիացիայի» օժանդակությամբ: Այն ներառելու է ձեռներեցության, ծրագրավորման և դիզայնի դասընթացներ»,- նշեց Ամալյա Եղոյանը:
Ընդհանուր առմամբ, Գյումրիում վերջին տարիներին մեծացել է հետաքրքրությունը ՏՏ ոլորտի նկատմամբ: «Ոչ միայն հետաքրքրությունն է մեծացել, այլ նաև հավատը: Յոթ տարի առաջ վստահություն չկար, ու բոլորն ասում էին, որ սա հերթական անարդյունավետ ծրագիրն է: Այս պահին մենք դեռ չենք հայտարարել մեր այս տարվա ընդունելության մասին, բայց արդեն 70 դիմորդ ունենք, բայց այս թիվն աճելու է: Սակայն նրանք բոլորը չէ, որ ավարտում են GTTC-ն. կենտրոնի շրջանավարտ կարող են դառնալ միայն նրանք, ովքեր հետևում են մեր առաջադիմության և վարքագծի խիստ կանոնակարգին»,- փաստեց Ամալյա Եղոյանը:
Անցած 10 տարվա ընթացքում կենտրոնը տվել է 300 շրջանավարտ, և բոլորն այսօր ապահովված են աշխատանքով: Այս ընթացքում կենտրոնի գործադիր տնօրենը ձեռքբերում համարում է նաև այն, որ կրթական հիմնադրամը, ինքնաֆինանսավորման ճանապարհին, ստեղծել է բիզնես ընկերություն՝ GTECH solutions, որտեղ կենտրոնի շրջանավարտների կողմից իրականացվում են կոմերցիոն աշխատանքներ:
Արմենուհի Մխոյան