Հայաստանում տարեցտարի մեծանում է կորեերենի եւ կորեական մշակույթի նկատմամբ հետաքրքրությունը: Այդ մասին Լուրեր Հայաստանից-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Մոսկվայում Կորեայի Հանրապետության դեսպանատանը կից Մշակութային կենտրոնի տնօրեն տիկին Վի Մյոն Չժեն:
Մայիսի 19-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացել է կորեական ֆիլմերի փառատոնը, որի շրջանակներում նաեւ ներկայացվել է մշակութային ժամանցային ծրագիր, որը հնարավորություն է ընձեռել հանդիսատեսներին ավելի լավ ծանոթանալ կորեական մշակույթին:
Տիկին Վի Մյոն Չժեի խոսքով՝ կորեական մշակույթը տարածված է ամբողջ աշխարհում, եւ Հայաստանը բացառություն չէ: «Հայաստանում նկատվում է շատ մեծ հետաքրքրություն կորեական փոփ երաժշտության, ֆիլմերի, ազգային մշակույթի նկատմամբ»,-նշել է նա:
Բացի այդ, Հայաստանում ավելացել է կորեերենն ուսումնասիրողների թիվը: Եթե անցյալ տարի կորեերեն կարելի էր սովորել միայն Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում, ապա այժմ այն դասավանդվում է նաեւ ԵՊՀ-ում, ՌՀՀ-ում եւ Հայաստանի Ամերիկյան համալսարանում:
«Նմանատիպ փառատոները նպաստում են Հայաստանում Կորեայի մասին իրազեկվածության բարձրացմանը, ինչպես նաեւ երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը: Դրանց նպատակն է զարգացնել երկրների միջեւ մտերմությունն ու բարեկամությունը»,-ընդգծել է նա՝ հավելելով, որ Կորեայից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների հոսքն ավելացել է վերջին երկու տարիների ընթացքում:
Բրյուսովի անվան համալսարանում արդեն հիմնադրվել է Կորեերենի եւ կորեական մշակույթի կենտրոնը, որտեղ դասավանդում է նաեւ կորեերենի՝ որպես մայրենի լեզվի կրող պրոֆեսոր Փաք Խի Սուն: Տիկին Վի Մյոն Չժեի խոսքով՝ նրանք հույս ունեն, որ հետագայում այդպիսի կենտրոնները կավելանան:
Նշենք, որ մայիսի 17-20-ը Երեւանում ընթանում է Հայաստանում Կորեական մշակույթի փառատոնը, որը կազմակերպվել է Ռուսաստանում Կորեայի Հանրապետության դեսպանատան Մշակույթի կենտրոնի կողմից: Փառատոնի շրջանակներում նաեւ անցկացվել է թեկվանդոյի համահայկական մրցաշարը, K-POP World Festival 2019 փառատոնի նախընտրական փուլը, իսկ վաղը տեղի է ունենալու դասական երաժշտության համատեղ գալա համերգ: