Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Միխեիլ Գիորգաձեն և ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը քննարկելու են Վրաստանում հայկական հուշարձանների վերականգնման ընթացքին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային և Ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտներում համատեղ հայտերի ներկայացման հնարավորությանը, ինչպես նաև արվեստի տարբեր ոլորտներում փոխհամագործակցությանը վերաբերող հարցեր։ Նախատեսված են պատմամշակութային ժառանգության ոլորտում հայ-վրաստանյան համատեղ աշխատանքային խմբի նիստ և այլ միջոցառումներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Վրաստանի իր պաշտոնակցի հետ Երևանում ոչ պաշտոնական հանդիպում կունենա սեպտեմբերի 20-ի երեկոյան. նախարարները ներկա կլինեն համերգային խոշոր միջոցառումների։ Երկու նախարարների պաշտոնական հանդիպումը տեղի կունենա վաղն առավոտյան, իսկ հետկեսօրին նրանք կկատարեն Փարաջանովի «Արտասվող Ջոկոնդա» կոլաժի կրկնօրինակի հանդիսավոր բացումը։
Այցի ընթացքում նախարար Գիորգաձեին կընդունի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը։
Վրաստանի պաշտոնական պատվիրակության այցը Հայաստանում կավարտվի սեպտեմբերի 22-ին։