Հոկտեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան պատվիրակությանը` գլխավորությամբ Իրանի Իսլամական կապերի և մշակույթի կազմակերպության միջազգային գծով տեղակալ պրն. Աբբաս Խամեյարի:
 
Պրն. Աբբաս Խամեյարը Նորին Սրբությանը ներկայացրեց դեսպանատան մշակույթի նորանշանակ տնօրեն Խեյեդ Մուհամմադ Ռեզա Հեյդարին: Հանդիպմանը Վեհափառ Հայրապետին հրաժեշտ տվեց իր առաքելությունն ավարտող տնօրեն Մաջիդ Մեշքին` շնորհակալություն հայտնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուշադրության, իր պաշտոնավարման ընթացքում Մայր Աթոռի հետ ունեցած արդյունավետ համագործակցության ու ջերմ կապերի համար:
 
Նորին Սրբությունը գուհունակությամբ անդրադարձավ երկու երկրների միջև տարբեր ոլորտներում արձանագրված սերտ համագործակցությանը: Գարեգին Բ Հայրապետը մասնավորապես խոսեց մշակույթի կենտրոնի հետ Մայր Աթոռի սերտ կապերի և համատեղ իրականացրած միջոցառումների մասին` այդ կապակցությամբ իր գնահատանքը փոխանցելով պրն. Մեշքիին և հույս հայտնելով, որ գործակցությունը մշակույթի կենտրոնի հետ կշարունակվի:
 
Զրույցի ընթացքում կարևորվեց մշակույթների և կրոնների միջև երկխոսության խթանումը, ինչը նպաստում է ժողովուրդների փոխճանաչողությանը և համերաշխության, հանդուրժողականության ու խաղաղ համակեցության մթնոլորտի ձևավորմանը: Զրուցակիցները հաստատեցին, որ կրոնները խաղաղասիրական առաքելություն ունեն` դատապարտելի նկատելով ծայրահեղական ուժերի կողմից կրոնի շահարկումները և կրոնական քողի ներքո աշխարհում տեղ գտնող բռնություններն ու ահաբեկչությունները:
 
Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետն ընդգծեց Մայր Աթոռի պատրաստակամությունը` շարունակելու սատարել կրոնական երկխսությանը և ակտիվ մասնակցություն բերել այդ գործընթացում:
 
Պրն. Աբբաս Խամեյարը, իբրև կրոնական համայնքների համերաշխ կեցության օրինակ, նկատեց հայկական համայնքների առկայությունը Իրանում: Այս առիթով Նորին Սրբությունն իր երախտագիտությունը հայտնեց ԻԻՀ իշխանություններին հայկական համայնքների և հոգևոր-մշակութային արժեքների հանդեպ դրսևորվող հոգատար վերաբերմունքի համար:
 
Հանդիպման վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մշակույթի կենտրոնի նորանշանակ տնօրենին մաղթեց արգասաբեր գործունեություն Հայաստանում:
 
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: