Հունիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Իոս Դաումային (նստավայրը' Թբիլիսի):

 

Հանդիպմանը Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ երկու ժողովուրդների միջև առկա ջերմ կապերին ու զարգացող գործակցությանը' իր գնահատանքը հայտնելով նաև Նիդեռլանդների հայկական համայնքին ցուցաբերվող ուշադրության համար:

 

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայ Եկեղեցու առաքելությանը, ինչպես նաև միջեկեղեցական հարաբերություններին: Այս առիթով խոսվեց Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի' առաջիկայում Հայաստան կատարվելիք այցի մասին: Նորին Սրբությունը, դեսպանին ներկայացնելով այցի նշանակությունը, կարևորեց մեր օրերում Եկեղեցիների գործակցությունը մարդկության առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում:

 

Վերջում Վեհափառ Հայրապետը դեսպան Դաումային մաղթեց առաքելության բարի արդյունավորում' երկու երկրների կապերի առավել սերտացման համար:

 

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: