Մայիսի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ավստրիայի Հանրապետության Գեներալների խորհրդի պատվիրակությանը' գլխավորությամբ Գլխավոր շտաբի պետ Օթմար Կոմմենդայի և ուղեկցությամբ ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արամ Մարությանի ու ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի:
Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը հյուրերին ներկայացրեց Հայ եկեղեցու առաքելությունն ու ունեցած կարևոր դերակատարությունը հայ ժողովրդի կյանքում, անդրադարձավ Եկեղեցու առջև ծառացած ներկայիս մարտահրավերներին, ինչպես նաև ներկայացրեց հասարակական կյանքում հոգևոր-բարոյական արժեքների ամրապնդմանն ուղղված քայլերը:
Ապա մասնավոր անդրադարձ կատարվեց Հայոց բանակի հոգևոր առաջնորդության գործունեությանն ու առաքելությանը, մեծապես կարևորվեց հոգևոր սպասավորների ներկայությունը բանակում, ովքեր նպաստում են արատավոր բարքերի նվազեցմանը և զինվորական ոգու զորացմանը: Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը փաստեց, որ հայոց պատմության ընթացքում' ի պաշտպանություն հայրենիքի մղված հերոսական մարտերում, հոգևորականը միշտ էլ զինվորի կողքին է եղել' վերջինիս հետ միասին մարտնչելով թշնամու դեմ:
Ավստրիայի Գլխավոր շտաբի պետ Օթմար Կոմմենդան իր հերթին անդրադարձավ բանակում հոգևոր սպասավորության առաքելության կարևորությանը և անհրաժեշտ նկատեց երկու երկրների բանակների հոգևոր առաջնորդությունների միջև համագործակցության ձևավորումը: