Հունիսի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց բանաստեղծ Ալեքսանդր Պորյադոչնիին' ուղեկցությամբ Հայաստանի հրեական համայնքի նախագահ տիկին Ռիմա Վարժապետյանի:

 

Հանդիպմանը Ամենայն Հայոց Հայրապետը շնորհավորեց տիար Ալեքսանդր Պորյադոչնիին՝ հայ ժողովրդի անցյալին, նրա անկոտրում հավատքին և Արցախյան հերոսամարտին նվիրված «Արծաթե թել» պոեմի հայերեն թարգմանության լույս ընծայման ու օրերս Հայաստանում տեղի ունեցած շնորհանդեսի առիթով: Նորին Սրբությունն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց բանաստեղծին հայ ժողովրդի նկատմամբ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար՝ ընդգծելով, որ նրա հեղինակած պոեմը մեծ ծառայություն է' մատուցված հայ ժողովրդին:

 

Անդրադառնալով պատմության ընթացքում հայ ժողովրդի կրած ցավի ու տառապանքի, հավատի ու լավատեսության հաղթական ոգու բանաստեղծի կողմից գեղարվեստական արծարծմանը՝ Ամենայն Հայոց Հայրապետը խոսեց նաև հայ և հրեա ժողովուրդների ընդհանրությունների և առկա ներկայիս սերտ կապերի մասին: «Մեր երկու ճակատագրակից ժողովուրդները մշտապես հալածվել են ու հայրենազրկվել' կորցնելով իրենց երկիրը, բայց շնորհիվ իրենց հավատքի խոր ապրումի և Աստծու անսահման ողորմածության, նրանք մշտապես դիմագրավել են բոլոր տեսակի փորձություններն ու վերստին հարություն առել», - ընդգծեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

 

Իր հերթին բանաստեղծ Ալեքսանդր Պորյադոչնին իր սերն ու հարգանքն արտահայտեց հայ ժողովրդի, նրա պատմական անցյալի ու հարուստ մշակույթի հանդեպ, ապա Վեհափառ Հայրապետին ներկայացրեց «Արծաթե թել» պոեմի գրության դժվարին ընթացքը՝ ընդգծելով, որ այդ զգացումները մեծ ներշնչանք և խանդավառություն են պարգևել իրեն ստեղծագործական կյանքում:

 

Զրույցի ավարտին Նորին Սրբությունն իր աղոթքը վերառաքեց առ Բարձրյալն Աստված, որպեսզի Երկնավոր Տերը խաղաղության մեջ պահի համայն մարդկությանը:

 

Հանդիպմանը ներկա էր ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի թեմական պատվիրակ Վաշինգտոն քաղաքում, թեմի Միջեկեղեցական հարաբերությունների տնօրեն Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը: