The Daily Beast-ում հրապարակված հոդվածում լրագրող Աննա Նեմցովան գրել է Լեռնային Ղարաբաղի մասին:

 

«Հետխորհրդային պատերազմից հետո Արևմուտքի հայկական սփյուռքն օգնեց Ղարաբաղը զարմանալի ժողովրդավարության վերածել: Ղարաբաղը տարբերվում է նախկին ԽՍՀՄ քարտեզի վրա գտնվող չճանաչված այլ հանրապետություններից` Աբխազիայից, Հարավային Օսիայից և Մերձդնեստրից, ինչպես նաև վերջերս կազմավորված Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններից: Եթե նրանք հիմնականում Ռուսաստանի օգնությունն են ակնկալում, իսկ քննադատներն ընդհանրապես դրանք Ռուսաստանի կողմից ստեղծված պետություններ են համարում, Լեռնային Ղարաբաղը բոլորովին այլ հովանավորներ ունի:

 

Անկլավը սատարում են էթնիկ հայերը, որոնք սփռված են ամբողջ աշխարհում: Ղարաբաղի կառավարությունն ինչ-որ առումով ավելի արդար է վերաբերվում իր բնակչությանը, քան դա տեղի է ունենում Հայաստանում: Վտանգավոր հեղափոխությունները կանխելու համար Ստեփանակերտը բաց և ազնիվ ընտրություններ անցկացրեց: Բացի այդ, երկիրն այնքան փոքր է, որ, թվում է, այստեղ բոլորը բոլորին ճանաչում են, որ տեղական պաշտոնատար անձիք չեն կարող խաբել ընտրողներին:

 

Այս կարծիքի հետ համամիտ է նաև ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը: Նա հաստատել է, որ Լեռնային Ղարաբաղը ցույց է տվել, որ թափանցիկ և ժողովրդավարական նախագահական ընտրություններով կարելի է հաջողությամբ պայքարել կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ:

 

Հենց դա էլ գրավում է որոշ գործարարների, որոնք գալիս են այստեղ ապրելու և աշխատելու:

 

Բացի ժողովրդավարությունից, Ղարաբաղը ևս մեկ նպատակ ունի: Շուտով, ինչպես Հարությունյանն է խոստանում, Ղարաբաղը կվերածվի սև խավիարի դրախտի, որպեսզի Ադրբեջանին ցույց տա, որ այստեղ ոչ միայն ատում են բռնապետությունը, այլև իրենք էլ կարող են հարստանալ:

 

Սակայն Ղարաբաղի փողոցներում և տներում բոլոր զրույցներն աստիճանաբար փոխարինվում են պատերազմի և սահմանագծում այսօրվա կորուստների մասին հիշողություններով:

 

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, որ ուսումն ավարտելուց անմիջապես հետո զինվորական համազգեստ է հագնելու և գնալու է իր երկիրը թշնամիներից պաշտպանելու»,-գրում է Նեմցովան: