Պատերազմն արթնացավ շաբաթ գիշերը՝ երկու կողմից զրահամեքենաների, տանկերի, ավիացիայի գործադրմամբ, The Daily Beast-ում գրում է Աննա Նեմցովան։
Տարածաշրջանային մասնակցությունները դժվար է չնկատելը: Հայաստանը Ռուսաստանի մոտ դաշնակիցներից մեկն է։ Թուրքիան անմիջապես սատարեց Ադրբեջանին, երբ Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունները դառն էին ու քինոտ։ Հաշվի առնելով սիրիական պատերազմը, որտեղ Ռուսաստանն ու Թուրքիան աջակցում են հակառակ կողմերի, և Թուրքիան նոյեմբերին խոցեց ռուսական մարտական ինքնաթիռ, ներկայիս ժայթքումը Հայաստանի և Ադրբեջանի միջև աշխարհաքաղաքական առումով ավելի վտանգավոր է, քան 2 տասնամյակ առաջ։
Հոդվածագիրը անդրադարձ է կատարում 12-ամյա Վաղինակ Գրիգորյանի մահվան դեպքին, երեկ անօդաչուի կողմից կամավորականների ավտոբուսին հասցված հարվածին, որի հետևանքով զոհվել է 5 մարդ։
«2014 թվականին Հայաստանը միացավ Վլադիմիր Պուտինի երազանքի նախագծին: Հայկական ռազմական դոկտրինով Ռուսաստանը համարվում է երկրի ռազմական անվտանգության երաշխավորը, և վերջին մի քանի տարիներին Ռուսաստանը զինել է Հայաստանում Գյումրու և Էրեբունու իր ռազմաբազները ՄիԳ-39 կործանիչներով, Մի-24 ուղղաթիռներով, ինչպես նաև ավելի քան 70 տանկերով, մարտական մեքենաներով և հրետանային համակարգերով։
Անցած դեկտեմբերին Ռուսաստանը նոր ուղղաթիռներ ուղարկեց Էրեբունիում գտնվող իր ավիաբազա։ Փետրվարին Մոսկվան հայտարարեց Հայաստանին 200 մլն դոլարի սպառազինություն վաճառելու մասին։ Բայց ահա այստեղ է դժվարությունը. միևնույն ժամանակ Ռուսաստանը հարյուրավոր տանկեր է վաճառել Հայաստանի վաղեմի թշնամի Ադրբեջանին։
Անցած տարի դեպի Ադրբեջան ռուսական ռազմական արտահանման պայմանագրերում ներառված են եղել զրահամեքենաներ, հրետանային և ականանետային համակարգեր»,- գրում է հոդվածագիրը։
Մինչ Երևանում շատերին հետաքրքրում էր, թե ուրիշ է՞լ ինչ պետք է անեին իրենց նվիրվածությունն ու հավատարմությունը Կրեմլին ապացուցելու համար, Մոսկվայում պարզ էր, որ նախագահ Պուտինին Ադրբեջանը պետք է որպես Ռուսաստանի դաշնակից՝ հատկապես Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների վատթարացման ֆոնին։
Շատ պատճառներ կան, որ Ադրբեջանի բարեկամությունը կորցնելը Կրեմլի շահերից չի բխում։ 2014 թվականին ռուսական «Ռոսնեֆտն» ու Ադրբեջանի պետական նավթային Socar ընկերությունը ստեղծել են համատեղ ձեռնարկություն՝ երկու երկրում նավթի ու գազի հանքերը միասին հետազոտելու համար, բացի դրանից՝ Ադրբեջանի արտահանումը դեպի Ռուսաստան աճում է։
Մոսկվայում և Բաքվում փորձագետները հավատացած են, որ նախագահ Պուտինը գրեթե ամեն բան կանի՝ խուսափելու Ռուսաստանի և Ադրբեջանի միջև լայնածավալ հակամարտությունից։ «Պուտինը չի կարող թույլ տալ Ադրբեջանի կորուստը, նա հիմա ամեն բան կանի ԼՂ-ի համար խաղաղության հարցով բանակցելու նպատակով»,- ասել է անկախ քաղաքական վերլուծաբան Դմիտրի Օրեշկինը The Daily Beast-ի հետ հարցազրույցում։ Արտգործնախարար Սերգեյ Լավրովը ծրագրում է այս շաբաթ այցելել Բաքու, մինչդեռ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ծրագրում է այցելել Երևան։
Ինչպես պարբերականի հետ զրույցում ասել է հայ խորհրդարանական Թևան Պողոսյանը, եթե միջազգային հանրությունը չկարողանա կանգնեցնել պատերազմը հիմա, հակամարտությունում կարող են ներգրավվել մի քանի երկրներ, ներառյալ Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը, որոնք կաջակցեն Ադրբեջանին, և Ռուսաստանը, որը, «հուսանք, կաջակցի Հայաստանին»։