Ներկայիս Թուրքիայի Հանրապետության տարածքում գտնվող պատմական Հայաստանի հայկական մշակութային կոթողները շարունակում են պղծվել և ոչնչացվել: Այս անգամ Վանի Իփեքյոլու գավառում գտվող Յեդիքիլիսե (նախկին Վարագավանք) թաղամասի հին հայկական գերեզմանոցի տարածքում որոշվել է ախոռ կառուցել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական bestanuce1.com-ը, այս մասին որոշում են կայացրել Յեդիքիլիսեի թաղապետարանն ու Թուրքիայի արտակարգ իրավիճակների և բնական աղետների վարչությունը:

 

Քսան հազար քառակուսի մետր տարածք զբաղեցնող հայկական գերեզմանատան որոշ շիրմաքարեր արդեն գողացվել-տարվել են, շատերն էլ դրանցով կառուցել են իրենց տները, հարդանոցներն ու ախոռները: Պետական շրջանակների կողմից կայացված նման որոշումը դժգոհություն է առաջացրել թաղամասի որոշ բնակիչների շրջանում:

 

Վարագավանքի պահակ Մեհմեթ Չոբվանսուն հայտնել է, որ իրենք որոշել են ստորագրահավաք իրանակացնել և իրենց բողոքը ներկայացնել համապատասխան մարմիններին, որպեսզի կանխվի գերեզմանատան հետագա ոչնչացումը: