Ադրբեջանն իր 20 մլրդ մանաթ պետբյուջեից մոտ 10 մլրդը ձեւավորում է Նավթային հիմնադրամից կատարվող փոխանցումների հաշվին: Մնացած 10 մլրդ մանաթի մոտ 7 մլրդ մասը ձեւավորվում է հարկերի հաշվին: Սակայն, պետք է նկատի ունենալ, որ 7 մլրդ հարկերի 32 տոկոսը եւս կազմում է նավթային հատվածից ձեռք բերված հարկերը: Դա նշանակում է, որ մոտ 2,2 մլրդ մանաթը նավթային հատվածից եկող հարկերն են կազմում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, հաշվարկները ցույց են տալիս, որ Ադրբեջանի պետբյուջեն առանց նավթից ստացվող եկամուտների կլիներ 5-7 մլրդ մանաթի սահմաններում:
«Իսկ դա նշանակում է, որ առանց նավթից ձեւավորվող եկամուտների հաշվին պետբյուջեի Ադրբեջանը կլիներ ամենաաղքատ բյուջե ունեցող երկիրը տարածաշրջանում: Նավթափողերի հաշվին մեծացված պետբյուջեն արդյունքում դառնում է կոռուպցիայի զոհ, եւ ադրբեջանական ժողովուրդը չի կարողանում օգտվել նավթային փողերից», -գրում է թերթը:
Նավթի համաշխարհային գների անկման պատճառով ազգային արժույթի' մանաթի՝ փետրվարին 35 տոկոսով արժեզրկվելուց հետո Ադրբեջանում ստեղծված տնտեսական ճգնաժամի հետ կապված տնտեսագետ-փորձագետ Գադիր Իբրահիմլին թերթին մեկնաբանել է, որ նավթի եւ գազի հաշվին ձեւավորվող պետական մուտքերի 70 տոկոսը հանելուց հետո մնացած 30 տոկոսը կազմում է Ադրբեջանի իրական հարկային մուտքերը:
«Նավթային եկամուտները նվազելու հետ կնվազեն նաեւ Ադրբեջանի եկամուտները: Նավթից կախված տնտեսության փլուզման փուլը հենց այսպիսին էլ պետք է լիներ», -նշել է նա:
Նավթի գնանկումը շարունակվում է: Նյու Յորքի NYMEX սակարանում անցկացված առեւտրային գործարքներում WTI նավթի գինը մեկ բարելի դիմաց այսօր կազմել է 51,63 դոլար: ICE London միջմայրցամաքային սակարանում Brent նավթի մեկ բարելի գինը կազմել է 57,44 դոլար: Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) մարկետինգի եւ տնտեսական գործողությունների վարչությունը հայտնել է, որ Լոնդոնի սակարանում Azeri Light ադրբեջանական նավթի մեկ բարելի գինը կզմել է 60,07 դոլար:
Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:
Ադրբեջանի 2015 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 43 դոլարով ցածր է: