Հայաշատ Հալեպում վերջին օրերին միջադեպեր չեն գրանցվել, իրավիճակը համեմատաբար ավելի հանգիստ է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի մեր աղբյուրը' նշելով, որ քանի որ բախումներով, պայթյուններով թեժ իրավիճակին վարժված են արդեն, ներկայիս համեմատաբար հանգիստ վիճակն անսովոր է, պայթյունների, կրակոցն երի ձայները բավական քչացել են:

 

 

«Մաղթում ենք, որպեսզի անակնկալներ չլինեն, և իրավիճակն այսպես շարունակվի»,- նշեց աղբյուրը:

 

 

Ինչ վերաբերում է քաղաքում էլեկտրականության ու ջրի առկայությանը, աղբյուրը տեղեկացրեց, որ ջրամատակարարումն անկանոն կերպով է լինում, իսկ էլեկտրականությունն արդեն երկու շաբաթ է չի վերականգնվել:

 

 

Հալեպը 2012թ. ամռանից ի վեր հայտնվել է կառավարական ուժերի և զինված տասնյակ խմբավորումների բախումների թիրախում: Բախումներն այնտեղ մինչև օրս շարունակվում են: Քաղաքի արևմտյան թաղամասերը գտնվում են կառավարական ուժերի, իսկ արևելյան թաղամասերը' զինված խմբավորումների հսկողության տակ: