Հալեպի Միդան թաղամասում հրասանդի պայթյունից մեկ երեխա և մեկ կին է զոհվել և վիրավորվել ևս 7 քաղաքացիներ: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բացի դրանից, հրասանդ է ընկել Դամասկոսի Մաարա թաղամասի բնակելի տան վրա, որի հետևանքով ընտանիքի 2 անդամներ են վիրավորվել:
Սիրիական բանակը Դամասկոսի Յաբրուդ գյուղում մեծ թվով զինյալներ է սպանել և ոչնչացրել նրանց պատկանող զենքերը: Սիրիական բանակի և զինված խմբավորումների միջև բախումներ են ընթացել Դարիա քաղաքի Դաուար ալ Ֆարն և Ջամայիաթ թաղամասերում, ինչպես նաև Խան աշ Շեյխ շրջանում և մերձակա ագարակներում, որտեղ մեծ թվով զինյալներ են սպանվել և վիրավորվել: Մաալուլայի և Ջաբադինի շրջանում կրկին զինյալները լուրջ կորուստներ են կրել:
Իրենց հերթին սիրիացի ակտիվիստները տեղեկացնում են, որ Դամասկոսի մերձակայքում գտնվող Զաբադանի շրջանները ենթարկվում են կառավարական ուժերի ռմբակոծության, բացի դրանից, կառավարական ուժերը ռմբակոծում են Զաքիա գյուղը: «Ալ Ջազիրա»-ի տեղեկացմամբ' Հալեպում փետրվարի 4-ին 55 մարդ է զոհվել կառավարական ուժերի ռմբակոծության հետևանքով: