Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան փետրվարի 28-ին կմեկնի Դամասկոս՝ Հալեպում ռազմական գործողությունները սառեցնելու իր նախաձեռնության հետագա քայլերը սիրիացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկելու և խորհրդակցելու նպատակով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությանը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուջարիքը՝ ավելացնելով, որ դե Միստուրան այժմ Բեյրութում է և շաբաթ օրը կմեկնի Դամասկոս: Մինչ այդ բանագնացն այցելել էր Թուրքիա:
Դամասկոս կատարած իր վերջին այցելության ժամանակ նա նույնպես քննարկել էր կրակը դադարեցնելու և իր նպատակների մասին: Նա խնդրանքով դիմել էր Սիրիայի կառավարությանը, որ աջակցություն ցուցաբերի Հալեպում իր նախաձեռնությունն իրականացնելու հարցում:
Ավելի վաղ «Սքայ Նյուզ» հեռուստաալիքին տված հարցազրույցում նա նշել էր, որ Սիրիայի ապագան միայն սիրիացի ժողովրդի ձեռքում է: Նա շեշտել էր սիրիական ճգնաժամի քաղաքական լուծումներ գտնելու անհրաժեշտությունը:
Ստեֆան դե Միստուրայի խոսքով' Սիրիայի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել Հալեպի ողջ տարածքում դադարեցնել կրակը 6 շաբաթ ժամկետով, սկսած այն ժամանակից, որը կհայտարարեն Դամասկոսից: