Ազգային ժողովի ոչ իշխանական քառյակը իշխանություններին ներկայացրել է այն քայլերը, որոնց՝ մինչև սեպտեմբերի 30-ը իրականացումն իրատեսական է: Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցների ժամին ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: «Մենք կարող ենք շատ ավելի համակարգային և խորքային փոփոխությունների պահանջ դնել, սակայն հասկանում ենք, որ կա նաև ռացիոնալ ժամանակի հնարավորություն և այն քայլերը, որոնք մենք ձևակերպել ենք մեր հայտարարության մեջ, մինչև սեպտեմբերի 30-ը ժամանակը բավարար է, որպեսզի կյանքի կոչվեն»,-ասաց Զոհրաբյանը:
Թե ինչ քայլերի կգնա քառյակը, եթե մինչև սեպտեմբերի 30-ը իշխանությունները իրականացրած չլինեն իրենց պահանջները, Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ իր հետագա քայլերի մասին քառյակը կհայտնի սեպտեմբերի վերջին: «Սեպտեմբերի վերջին քառյակը կհրավիրի հանրահավաք, որի ընթացքում մենք կքննարկենք մեր հետագա քայլերը՝ այդ քննարկմանը մասնակից դարձնելով նաև ժողովրդին»,- ասաց Զոհրաբյաը:
Հարցին, թե կպահանջի՞ քառյակը կառավարության հրաժարականը, եթե իրենց պահանջները մինչև սեպտեմբերի 30-ը չկատարվեն, Զոհրաբյանն ընդգծեց, որ ԲՀԿ-ի առջև որևէ «տաբու» չկա և իրենք կաշկանդված չեն լինելու որևէ հարցում: «Սակայն քառյակը շարժվում է այն օրակարգով, որը հստակ ամրագրված է մեր հայտարարության մեջ»,- եզրափակեց ԲՀԿ խմբակցության ղեկավարը:
Ազգային ժողովի ոչ իշխանական քառյակը ներկայացրել է 12 կետից բաղկացած առաջարկները: Տեքստում շեշտադրված էին երկրում փոփոխություններ իրականացնելու մի շարք կետեր: Մասնավորապես, քառյակը պահանջում է վերացնել կուտակային կենսաթոշակների մասին օրենքի պարտադիր բաղադրիչը, վերանայել ճանապարհային տեսանկարահանող սարքերի միջոցով սահմանվող տուգանքների ու ավտոկայանատեղերի համակարգը, նվազեցնել շրջանառության հարկի դրույքաչափերն առնվազն երեք անգամ, մարզերում խթանել փոքր ու միջին բիզնեսը, առնվազն կրկնապատկել գյուղմթերքների արտադրության, ոռոգման ջրի ու վարկերի համար տրամադրվող սուբսիդիաների ծավալները, գյուղատնտեսությունում տրված արտարժութային վարկերը վերածել դրամայինի, գործող տրանսպորտային համակարգում բացառել հանրային տրանսպորտի փոխադրավարձի բարձրացումը և այլն: