ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծի փաթեթում դատական տուգանքի վերաբերյալ դրույթները ներառելու առթիվ փաստաբանները նոր հայտարարություն են տարածել: Նրանք տեղեկացնում են, որ ակցիա են իրականացնելու այսօր՝ փետրվարի 8-ին, ինչպես նաև փետրվարի 14-ին, 15-ին և 16-ին:
Փաստաբանները առաջարկում են ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ օրենսդիր մարմնում նախագծի քննարկման նիստին հրավիրել փաստաբանների ներկայացուցչին և ելույթ ունենալու հնարավորություն տալ: Փաստաբանները կարծում են, որ դատական տուգանքը կարող է վտանգել փաստաբանի անկախությունը: «Փաստաբանների և դատախազների համար դատական տուգանք սահմանելով, Արդարադատության նախարարությունը գործել է այն կանխավարկածով, որ փաստաբանները և դատախազները կարող են անբարեխիղճ վարքագիծ դրսևորել: Այս համատեքստում, հաշվի առնված չէ դատավորների ոչ բարեխիղճ վարքագիծ դրսևորելու հնարավորությունը, որի դեպքում, դատական տուգանքը կդառնա մասնագիտական գործունեության ազատությունը ճնշող գործիք»,-ասված է փաստաբանների հայտարարության մեջ:
Նրանք 2018 թվականի փետրվարի 7-ին իրականացրել են բողոքի ակցիա՝ հրաժարվելով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց: