Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի դուրս եկած քաղաքացիները Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումից հետո, այն է' օգոստոսի 1-ից 3.85 դրամով բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը, որոշեցին հուլիսի 2-ին հանրային քննարկում անցկացնել ու քննարկել հետագա քայլերը: Ազգային ժողովի ոչ իշխանական խմբակցությունները ևս որոշումից հետո գնացին քննարկման:

 

ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանը հայտարարեց, որ ԱԺ հինգ խմբակցությունների ներկայացուցիչները, սպառողների միության անդամները փաստարկներ են ներկայացրել էլեկտրաէներգիայի չթնակացման օգտին: «Ազգային ժողովի ոչ իշխանական խմբակցությունների պատվիրակությունը կոմպրոմիսային առաջարկ ներկայացրեց' ժամանակ տալ հիմնավոր ուսումնասիրելու խնդիրը, ճշտելու որոշակի փաստեր: Սակայն մեր առաջարկը չընդունվեց»,-ասաց Արամ Մանուկյանը' նշելով, որ քաղաքական ուժերը խորհրդակցություն կանցկացնեն, քանի որ չունեն որոշում: «Մեք կխորհրդակցենք ու մեր մոտեցումների մասին տեղյակ կպահենք»,-ասաց պատգամավորը:

 

ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն էլ նշեց, որ հանձնաժողովի նիստին չէին մասնակցում ոչ Ֆինանսների, ոչ Էկոնոմիկայի, ոչ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունները, որոնց զարգացման ծրագրերը պետք է համահունչ լինեին թանկացմանը:

 

Բողոքի դուրս եկած քաղաքացիական նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանը ներկայացրեց ակցիայի մասնակիցների որոշումը, ըստ որի, իրենց պայքարը չի ավարտվում, այլ շարունակվելու է մինչև հասնեն ցանկալի արդյունքի: «Մենք հասկացանք, որ ուղղակի կանչել-գոռալով ոչինչ չի փոխվելու, մինչև ՀՀ քաղաքացիները դուրս չգան լուրջ պայքարի որևէ զիջում չի լինելու: Այսքանով սահմանափակվենք ու վաղը Մաշտոցի պուրակում կլինի հանրային քննարկում, որտեղ կքննարկենք մեր հետագա անելիքները»,-ասաց Հայկ Ավետիսյանը:

 

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 1-ին կայացած նիստում որոշում ընդունեց էլեկտրաէներգիայի թանկացման մասին: Որոշման համաձայն' 35 կՎ և բարձր լարմամբ սնվող սպառողներիի համար' ցերեկային սակագինը սահմանվել է 32.85 դրամ/կՎտժ' ներառյալ ավելացված արժեքի հարկը, գիշերային սակագին' 28.85 դրամ/կՎտժ' ներառյալ ավելացված արժեքի հարկը: 6 (10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար' ցերեկային սակագին' 38.85 դրամ/ կՎտժ' ներառյալ ավելացված արժեքի հարկը, գիշերային սակագին' 28.85 դրամ/կՎտժ' ներառյալ ավելացված արժեքի հարկը: 0,38 կՎ լարմամբ սնվող սպառող ների, այդ թվում բնակիչների համար' ցերեկային սակագին 41,85 դրամ/կՎտժ, գիշերային' 31.85 դրամ/կՎտժ: Գիշերային սակագները հաշվարկվում են սպառողի մոտ բազմասակագնային էլեկտրոնաին առևտրի հաշվառքի սարքի առկայության դեպքում: