Հիշու՞մ եք՝ ժամանակին կար քառյակ, որը հնգյակ դառնալու փոխարեն դարձավ եռյակ, հետո՝ «երկյակ», հետո էլ դադարեց գոյություն ունենալուց:

 

Այնուհետև ստեղծվեց այնպիսի վիճակ, որ քիչ էր մնում ամեն օր մի նոր ընդդիմադիր շարժում ու շարժումների, ուժերի միավորում ստեղծվեր՝ մեկը մեկից ավելի փոքրաթիվ մասնակիցներով:

 

Արդյունքում ոչ միայն արժեզրկվեց ընդդիմադիր դաշտը, այլև ընդդիմադիր ուժերը կորցրին իրենց ռեսուրսների զգալի մասը, կորցրին մարդկանց և եթե առաջ 10-15 հոգանոց հանրահավաքներ անց էր կացնում միայն Պարույր Հայրիկյանը, ապա այսօր արդեն դա սովորական երևույթ է ընդդիմադիր տարբեր ուժերի համար:

 

Սա առնվազն նշանակում է, որ ինչ-որ բաներ սխալ են արվել, սխալ մարտավարություն է եղել, չմտածված քայլեր, ոմանց դեպքում էլ ոչ թե գաղափարական մոտեցումներ, այլ միայն անձնական խնդիրներ լուծելու նպատակներ են եղել, և այս ամենից ընդդիմադիր ուժերն առնվազն հետևություններ պիտի անեին: Ոմանք արեցին և փոխեցին գործունեության ֆորմատը, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ով դարձավ ինստիտուցիոնալ ընդդիմություն: Նմանատիպ կառուցողական ֆորմատի մեջ Էդմոն Մարուքյանը ստեղծեց «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, ՀՅԴ-ն ընտրեց այլ ուղի՝ որոշելով իրենց ծրագրերն իրագործել իշխանությունների հետ համագործակցելով, ԲՀԿ-ն տրոհվեց, և հիմա դեռ պարզ չէ, թե ինչ տարբերակով կաշխատի՝ որպես ընդդիմադիր ուժ:

 

Փաստորեն, քաղաքական դաշտում վիճակը շատ հեռու է կայուն լինելուց, վերադասավորումներ են լինում, նոր միավորներ են ձևավորվում կամ էլ քայքայվում: Եվ այս անկայուն վիճակում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը կարծում է, թե ժամանակն է ստեղծել ընդդիմադիր ուժերի նոր կոալիցիա՝ այդ ուժերի թվում նշելով «Ազատ դեմոկրատներ», ՀԱԿ, «Ժառանգություն», «Նոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», ՀՀՇ կուսակցություններն ու շարժումները: Ինչպես տեսնում ենք՝ Բագրատյանը տալիս է հիմնականում (բացի «Քաղաքացիական պայմանագրից») իրենց ռեսուրսների զգալի մասից զրկված, անասելի քիչ քանակությամբ հետևորդներ ունեցող և նախկին հեղինակությունն այլևս չվայելով քաղաքական ուժերի անունները: Անհասկանալի է, թե ինչ կոալիցիա է պատկերացնում ԱԺ պատգամավորն այդ ուժերի միությունից, ինչպես է պատկերացնում դրա արդյունավետությունը և կարո՞ղ է արդյոք այն ունենալ արդյունավետություն: Քառյակի, եռյակի և մնացածների տապալումը պետք է որ մտածելու տեղիք տար…

 

Իհարկե, սա դեռ ընդամենն առաջարկ էր, և դեռ հայտնի չէ՝ այդ առաջարկին կլինե՞ն արձագանքներ և կսկսվի՞ գործընթաց, թե՞ ոչ, որովհետև ընդդիմադիր ուժերից շատերը՝ անկախ ռեսուրսներից զրկված վիճակից, ամբիցիաներ ունեն և զգուշորեն կմոտենան ցանկացած նոր միավորում ստեղծելու գաղափարին, քանի որ առաջ կգա այն հարցը, թե իրենցից ով կլինի առաջնային պլանում:

 

Կարեն Վարդանյան