Խորհրդարանական ընդդիմադիր 4 ուժերն առաջիկայում միասնաբար բարձրացնելու են մի քանի այլ հարցեր ևս, որոնց շուրջ արդեն պարբերաբար քաղաքական կոնսուլտացիաներ են լինում: Tert.am-ի հետ զրուցելով կուտակային կենսաթոշակային համակարգից բացի այլ հարցերի շուրջ խորհրդարանական չորս և արտախորհրդարանական ուժերի հետագա համագործակցության մասին' ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

 

«Մենք ծրագրել ենք մի շարք խնդիրներ, որոնց շուրջ քննարկումներ ենք սկսել և շարունակում ենք: Կարող եմ արդեն ասել, որ ձևավորվում է միասնական քաղաքական օրակարգ»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Հարցին, թե կհամաձայնե՞ն, եթե այլ ուժեր ևս իրենց միանալու ցանկություն հայտնեն, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Այս վարչախումբը երկիրը հասցրել է այնպիսի օրհասական վիճակի, որ մեկ կամ երկու քաղաքական ուժ այդ խնդիրը չեն կարողանալու լուծել: Անհրաժեշտ է շատ լայն համախմբում, և եթե լինեն քաղաքական ուժեր, ովքեր պատրաստ են իրապես միանալ այն քաղաքական օրակարգին, որը փորձում են ձևավորել 4 քաղաքական ուժերը, իհա՛րկե, որևէ սահմանափակում չի լինելու»:

 

Նախախորհրդարանի ներկայացուցիչ Գարեգին Չուքասզյանն էլ, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով հետագա համագործակցության թեմային, ասաց, թե իրենք բաց են բոլոր այն ուժերի հետ համագործակցության համար, որոնք երկրում առկա խնդիրների լուծումը համակարգից դուրս են տեսնում:

 

«Համակարգի ներսում հնարավոր չէ փոխել համակարգը: Մենք տեսանք, որ ընտրությունների միջոցով հնարավոր չէ դա անել: Ուրեմն' լուծումը համակարգից դուրս է. թե երբ ժողովրդի կրիտիկական զանգվածը կգա այդ գիտակցությանը, դրան սպասելու շատ ժամանակ չունենք: Սա բոլորի համար ակնհայտ է»,-ասաց Գարեգին Չուքասզյանը: