ՆԱՏՕ-ն ապրիլի 16-ին Հյուսիսատլանտյան խորհրդի արտահերթ նիստ է գումարում: Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, նիստում նախատեսվում է քննարկել եվրոպական երկրների պաշտպանունակության ամրապնդման հարցը՝ Ուկրաինայի իրադրության հաշվառմամբ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը նախօրյակին հայտարարել է. «Մենք ստացել ենք հնարավոր միջոցառումների վերաբերյալ զինվորականների առաջարկությունները: Դրանցից մի քանիսը մենք կարող ենք իրականացնել մոտ ժամանակներս, մյուսները՝ ապագայում: Չորեքշաբթի մենք կքննարկենք այդ առաջարկները եւ որոշում կընդունենք»:
«Ինտերֆաքս»-ը հաղորդել է, որ նիստում քննարկվելու են ամերիկացի գեներալ, Եվրոպայում ՆԱՏՕ-ի զինված ուժերի հրամանատար Ֆիլիպ Բրիդլավի առաջարկությունները: Մասնավորապես, կարծարծվեն համատեղ զորավարժությունների անցկացումը եւ Արեւելյան Եվրոպայում զինված ուժերի ավելացումը: Բրիդլավը խոստացել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն առաջիկայում կներկայացնի «խաղաղության ապահովման» համապարփակ ծրագիր՝ թելադրված Ուկրաինայի արեւելքի եւ Ղրիմի իրադրությամբ: