Մոսկվայի Բիրյուլևո շրջանում ոստիկանական շրջայցի արդյունքում 1200 ներգաղթյալ է ձերբակալվել. գրում է РИА Новости-ն` հղում կատարելով Մոսկվայի ՆԳՆ քաղաքային վարչությանը:
Ձերբակալվածներին ոստիկանություն են տարել հանցագործություններին ունեցած հնարավոր մասնակցության ստուգման համար: Նրանց թվում կան ինչպես տղամարդիկ, այնպես էլ` կանայք: Նրանց ձերբակալել են նախօրեին շուկայի մոտակայքում ծագած անկարգությունների ժամանակ:
Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:
Միաժամանակ, անկարգությունների պատճառով ՌԴ Պետդուման հայտարարել է, որ մտադիր է արագ կերպով քննարկել աշխատանքային միգրացիոն հարցերը կարգավորող օրինագծերը: Ինչպես հայտնել է ՌԴ Պետդումայի փոխխոսնակ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության ներկայացուցիչ Վլադիմիր Վասիլևը, մոտ ժամանակներս պատգամավորները մանրամասն վերլուծությունից հետո կմշակեն միգրացիոն խնդիրները կարգավորող «ճանապարհային քարտեզ»: Դրանց նպատակը Ռուսաստան ներգաղթողների քանակը կրճատելն է: Խոսքը, մասնավորապես, ներգաղթյալների համար աշխատանքային վիզա ներմուծելու հարցի մասին է: Դրանից բացի' առաջարկվել է աշխատանքային արտոնագրից զրկել այն գործատուներին, ովքեր աշխատանքի են ընդունում անօրինական ներգաղթյալներին:
Մոսկվայի քաղաքային դուման այս հարցով այսօր հատուկ նիստ է հրավիրել: