Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլինկինին հղված նամակին դեռևս չեն արձագանքել: Այս մասին Tert.am-ին ասաց «Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» շտաբի անդամ Արմինե Սիմոնյանը։
«Նամակում մենք հստակ շարադրել էինք, թե ինչ իրավիճակ է, շեշտել ենք իրավունքների խախտման փաստերի, Լևոն Հայրապետյանի ծանր հիվանդությունների մասին, բայց, ցավոք, մինչ օրս որևէ պատասխան չունենք»,-ասաց նա։
Արմինե Սիմոնյանը նշեց, որ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նույնպես նամակ-հայտարությամբ դիմել է իր ռուսաստանյան գործընկերոջը. «Ցավոք՝ նրանք էլ իրենց հերթին դեռ Ռուսաստանից պատասխան չունեն»։
Շտաբի անդամը տեղեկացրեց, որ օգոստոսի 7-ին շտաբի կողմից կազմակերպված երթից հետո հավաքվել և նիստ են արել՝ որոշելով հետագա անելիքները։
«Անձամբ խոսել եմ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ, ով ասաց, որ ինքը մինչև դատական նիստը գործընկերային հարաբերություններից ելնելով՝ նամակ է ուղարկել ՌԴ պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկուն և խնդրել նրան՝ աջակցել Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխելու հարցում։ Մենք նաև խնդրեցինք, որ Վազգեն Մանուկյանը շտաբի հետ հանդիպում ունենա, և խնդիրը քննարկվի Հանրային խորհրդում, ապա նամակով կամ հայտարությամբ հանդես գան:
Նա սիրով ընդառաջեց մեր խնդրանքին, պարզապես արձակուրդում է, չորեքշաբթի կգա, և խնդիրը կքննարկվի նաև Հանրային խորհրդում»,-ասաց նա։
Բացի այդ՝ շտաբը նման նամակի անկնկալիք ունի նաև Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից։ «Այս հարցում բավական ակտիվ է Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը։ Տեղյակ ենք, որ 2 դատական նիստին էլ Մայր աթոռի ներկայացուցիչը՝ Եղյա սրբազանը մասնակցել է, մենք խոսել ենք նաև Մայր աթոռի ներկայացուցչի հետ և նպատակ ունենք հանդիպել Կաթողիկոսի հետ»,-նշեց Արմինե Սիմոնյանը։
Նա նշեց, որ հաջորդ քայլն ուղղված կլինի ՀՀ ԱԺ-ին. «Մենք ակնկալում ենք, որ ԱԺ-ն կդիմի Ռուսաստանի Պետդումային, համապատասխան հայտարարությամբ հանդես կգա։ Խորհրդարանական 5 խմբակցությունն էլ շահագրգիռ են՝ գործելու ի պաշտպանության մեծ բարերարի»։